Ամեն ինչ անել՝ ազատվելու համար ՍԴ նախագահից ու դատավորներից

Վաղաժամ թոշակի անցնելու մասին օրենքը եթե չաշխատի, իշխանությունները կգնան սահմանադրական փոփոխությունների ճանապարհով

 Այսօր Սահմանադրական դատարանի 7 դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը համատեղ հայտարարություն http://livenews.am/press/2019/29301/30/15/40/ են տարածել՝ իրավասու մարմիններին կոչ անելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս պահպանել դատավորի անձեռնմխելիության հոդվածը։

Դատավորներն իրավասու մարմիններին հորդորում են քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:

Հիշեցնենք, որ օրերս Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ՍԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ այս մեղադրանքը իր և ՍԴ դատավորների նկատմամբ հետապնդումների սցենարի շարունակությունն են, և որ իրեն սրա մասին նախապես էին զգուշացրել՝ ամիսներ առաջ։

«Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար մի օր մեղադրանք կառաջադրվի»,- ասել է ՍԴ նախագահը։ X, Y, Z քայլերը, ըստ Հրայր Թովմասյանի, հրաժարականն էր, որը նա այդպես էլ չտվեց։ «Վերջին 6-7 ամիսներին Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»,- հավելել է նա։

Ավելի ուշ դատախազությունը քրեական գործի հետ կապված որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ այն վերաբերում է Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Ըստ դատախազության՝ Թովմասյանն «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների՝ իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից մինչև 2014 թվականի ապրիլը ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել:

Քրեական գործի երկրորդ դրվագով 2012 թվականի փետրվարին Թովմասյանը աշխատանքից ազատելու սպառնալիքով միջամտել է նոտարական պալատի կառավարմանը և հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Արդյունքում Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը նոտարական պալատից ստացել է ավելի քան 10 մլն դրամ վարձավճար, իսկ փաստացի Թովմասյանին պատկանող տարածքում նոտարական պալատի բյուջեից վերանորոգման համար ծախսվել է մոտ 2,5 մլն դրամ:

Թովմասյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ չցանկացավ որևէ պարզաբանում տալ իրեն առաջադրված մեղադրանքի մասին՝ ասելով միայն, որ հրաժարվել է ցուցմունք տալ:

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի կարծիքով հաշվի առնելով անձեռնմխելիության ինստիտուտը՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք կարող են առաջադրել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ մեղադրանք առաջադրած քննիչի նկատմամբ, ըստ Հարությունյանի, պետք է քրեական հետապնդում սկսել 309 հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորությունները անցնելը:

«Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա իմ կարծիքով, միանշանակ է»,- ասել է Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելով՝  իշխանությունը նպատակ ունի մեկուսացնել նրան և ճնշում գործադրել դատարանի մյուս անդամների վրա, որպեսզի վերջիններս ընդունեն վաղաժամ կենսաթոշակի գնալու ԱԺ առաջարկը: Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը ցանկանում է, որ երկրում լինի ամբողջովին վերահսկելի Սահմանադրական դատարան, որը կյանքի կկոչի մերօրյա իշխանությունների ցանկությունները:

«Այդ օրենքը որևէ ձևով չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Իշխանությունն առաջարկում է ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք, քանի որ եթե ՍԴ դատավորը տարիքային կենսաթոշակի գնա, ավելի քիչ կենսաթոշակ կստանա, քան եթե հիմա գնա»,- նշել է նախկին պաշտոնյան:

Մինչդեռ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Թովմասյանը չի կարող հղում անել իր անձեռնմխելիությանը, քանի որ քրեական գործը չի առնչվում նրա ՍԴ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված գործողություններին։

«Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով, որովհետև մեր երկրում, նայեք, քանի նախկին և ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի թույլտվությամբ մեղադրանք առաջադրելու հարցին, ապա նշեմ, որ որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին։ Դա վերաբերում է նախարար աշխատած ժամանակահատվածին, որ ոչ մեկը չվիրավորվի, իմ վրա բերեմ օրինակը, պատկերացրեք ես կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, այնուհետև նշանակվեմ դատավոր, և դատավոր եղած ժամանակ այդ քրեական գործը քննվի, բնականաբար, ես չեմ օգտվում դատավորի կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից»,- ասել է Բադասյանը։

Բայց նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ Հրայր Թովմասյանը նշանակվել է 2005 թվականի Սահմանադրությամբ և նրա նկատմամբ գործում է ոչ թե 2015 թվականի Սահմանադրությամբ սահմանված գործառութային անձեռնմխելիությունը, այլ ամբողջական անձեռնմխելիությունը:

Գլխավոր դատախազությունը պարզաբանելով Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, նշել է, որ թեև Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար Թովմասյանին, ըստ դատախազության, քրեական հետապնդման ենթարկելու Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

Մինչդեռ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 2005 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ համաձայնության։ Դա վերաբերում է ցանկացած մեղադրանքի։

Իսկ 2015 թվականի ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածը սահմանում է՝ «Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ»: Դա կարող է լինել այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որն իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։ Արփինե Հովհաննիսյանը նկատում է՝ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ, իսկ դա նշանակում է, որ ՍԴ համաձայնությունը պարտադիր է։

Հրայր Թովմասյանի նկատմամբ գործ հարուցելուն և ընդհանրապես ՍԴ դատավորների վրա ճնշումներ գործադրելուն անդրադարձել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որի կարծիքով Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական գործիքներով լուծելը բացարձակապես անթույլատրելի է: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է օրերս ԱԺ նախագահի տված հարցազրույցին, որի ժամանակ նա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին որոշ հայտարարություններ է արել, իսկ ըստ պատգամավորի՝ ԱԺ նախագահի մակարդակով ՍԴ վերաբերյալ նման հայտարարությունները վկայում են, որ քաղաքական թիմն ունի որոշում՝ ցանկացած գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից:

«Դատական անկախ համակարգի հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի բացառապես իրավական գործիքներով: Քաղաքական ցանկացած միջամտության ԲՀԿ-ն դեմ է եղել և լինելու է, անկախ նրանից՝ Հրայր Թովմասյանն է, թե այլ անձ: Անձերը մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մի բան, որ իշխանությունը չփորձի գնալ այն ճանապարհով, ինչով գնացել է նախկին իշխանությունը՝ պրեսսինգի տակ պահելով դատական իշխանությանը»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ խոսելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել էր. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ հասարակության կողմից վստահություն չունեցող Սահմանադրական դատարան»:

Այնինչ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է մայիսի 20-ին դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու գործողությունը՝ ասելով, թե ՍԴ հանդեպ հանրային վստահության հարցը թույլ տանք որոշի հանրությունը: Երբ կոչ արվեց ՍԴ-ը շրջափակել, ամբողջ հանրապետությունով այդ կոչին արձագանքեց մոտ 1200 մարդ, և դա արձանագրեց անձամբ Դանիել Իոաննիսյանը: Իսկ դա նշանակում է, որ շատ քչերի մեջ է ՍԴ-ի հանդեպ վստահության առումով հարցեր առաջանում։

Ի դեպ, հանրային վստահության մասին։ Դեռ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանի հանրության շրջանում իրականացված սոցհարցման տվյալները, այդ թվում պետական կառավարման կառույցների հանրային վարկի, նրանց աշխատանքի գնահատման վերաբերյալ: Ըստ այդ հարցումների՝ աշխատանքի դրական գնահատականի 40 տոկոս ցուցանիշ ունի Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն այդ իմաստով իր աշխատանքի դրական գնահատմամբ գերազանցում է անգամ դատախազությանը, որն իր վարքագծով՝ ի տարբերություն ՍԴ-ի, չի հայտնվել հեղափոխության թիրախում և նույնիսկ կոռուպցիոն ու այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պարբերաբար աղմկահարույց բացահայտումներ է անում և վայելում իշխանության վստահությունը: Իհարկե, ՍԴ-ին բացասական գնահատական է տվել քաղաքացիների 51 տոկոսը, սակայն դրականի և բացասականի տարբերությունը շոշափելի չէ, մանավանդ, որ մյուս պետական կառավարման ինստիտուտների պարագայում դրականը ճնշող առավելություն ունի բացասականի նկատմամբ և հակառակը: ՍԴ պարագայում դրականն ու բացասականը բավական մոտ են՝ 11 տոկոս տարբերությամբ: Իսկ իրավապահ մյուս կառույցների հանդեպ հանրային վստահությունը ցածր է։

Ունի՞ կառավարությունն իրավիճակի իր սոցիոլոգիական պատկերը։ Նման բան չի հրապարակվել և միայն մերկապարանոց հայտարարություններ են հնչում, թե ՍԴ-ն չի վայելում հանրության վստահությունը, հետևաբար պետք է դրա կազմը փոխվի՝ նախագահից սկսած:

Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում չի բացառել, որ իշխանությունը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, եթե ՍԴ դատավորները չօգտվեն «ընձեռված հնարավորությունից», այսինքն՝ վաղաժամ և աննախադեպ բարձր ու անաշխատ թոշակի գնալու առաջարկից:

Նաիրա Զոհրաբյանը դա ևս համարել է քաղաքական գործընթացի շարունակություն։

«Ավելի քան վստահ եմ, որ գնալու են Սահմանադրական փոփոխությունների: Արդեն կա որոշում, փետրվարին ստեղծվելու է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, և եթե այս իշխանությունը որոշել է, իսկ այս իշխանությունը որոշել է ազատվել ՍԴ այս կազմից, փետրվարին այս փոփոխություններով իրենք ազատվելու են: Եվ դա նորից կլինի քաղաքական գործընթաց, ոչ իրավական»,- հավելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Պարզվում է, ՍԴ նախագահի ու դատավորների նկատմամբ գործընթացները նաև Վենետիկի հանձնաժողովի քիմքով չեն։ Ինչպես օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Արփինե Հովհաննիսյանը՝ հավանաբար հավաստի աղբյուրների վրա հղում կատարելով,  արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու և արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։

Ընդ որում՝ տիկնա՛յք և պարոնա՛յք հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Նրա գրառմանն անմիջապես հաջորդեց արդարադատության նախարարության պատասխանը, որով հաստատվեց՝ իսկապես Վենետիկի հանձնաժողովից նամակ են ստացել, սակայն  ոչ պաշտոնական, հետևաբար իրենք կօգտվեն ոչ պաշտոնական գրությունները չհրապարակելու իրենց իրավունքից։ Միանշանակ է, եթե իշխանահաճո, նրանց ականջները շոյող դիտարկումներ լինեին այդ գրության մեջ, այն անմիջապես կհանրայնացվեր ու կներկայացվեր կառավարության ձեռքբերումների 100-յակում։ Իսկ այս դեպքում լռությունը բավականին խոսուն է։

 

Թագուհի Ասլանյան