ՍԴ դատավորները հորդորում են Թովմասյանի նկատմամբ գործողություն իրականացնելիս պահել օրենքը

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործին: Հայտարարության մեջ ասված է.

 

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Ալվինա Գյուլումյան

Արևիկ Պետրոսյան

Արման Դիլանյան

Հրանտ Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Արայիկ Թունյան

Ֆելիքս Թոխյան

 

ք․ Երևան

30 դեկտեմբերի 2019թ․»: