Այս իշխանությունը ներմուծում է ճշտի ու սխալի, բարոյականի ու անբարոյականի նոր ալգորիթմ․ Արմեն Աշոտյան

Իշխանությունները փորձում են ամեն կերպ վիժեցնել արտախորհրդարանական քաղաքական միտքը, այդ թվում՝ հանրային, և չեն գալիս նման հարթակներում կարծիք հայտնելու, որովհետև չեն ուզում, որ իրենց կենցաղային լեզվով ասած՝ մեզ բանի տեղ դնել: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով․«Մենք, մեկ է, կանք՝ իրենցից անկախ, մենք, մեկ է, ունակ ենք մտածել և արտահայտվել:  2018 թվականի նախընտրական բանավեճերը ցույց տվեցին, որ իշխանության ոչ մի ներկայացուցիչ ոչ մի թեմայով ունակ չէր համոզիչ լինել՝ համեմատած այն ընդդիմադիր ուժերի, որ մասնակցում էին այդ բանավեճերին: Իրենք պարտվել են բոլոր քաղաքական դիսկուրսներում և վախենում են մեզ հետ թեմատիկ, բովանդակային քննարկումներից»:

Աշոտյանի խոսքով՝ որպեսզի հասկանանք՝ ինչպիսին է լինելու 2020 թվականը, մի քանի արձանագրում է պետք կատարել 2019 թվականից:

«Ասում են՝ 2020 թվականը, ըստ չինական աստղագուշակի, առնետի տարի է, բայց Հայաստանում առնետի տարին սկսվել է 2018 թվականի ապրիլից: Մենք քաղաքական առումով առ այսօր ապրում ենք առնետի տարում»,- նշեց նա՝ հավելելով, թե դավաճանությունը, ճամբարափոխությունը, ամեն ինչի ուրացումը դարձել են նոր քաղաքական թրենդ, որը, երևի, ամենավտանգավորն է:

«Այս իշխանությունը քայքայում է արժեհամակարգային մատրիցան, ներմուծում է ճշտի ու սխալի, բարոյականի ու անբարոյականի նոր ալգորիթմ, որը քայքայում է բոլոր այն սոցիալական կապերը, որ Հայաստանում եղել են»,-ասաց նա:

Աշոտյանի խոսքով, այնուամենայնիվ, 2020 թվականը կանխատեսելը դժվար է, հանրությունն առավոտյան արթնանում է մի օրակարգով՝ չիմանալով՝ այդ օրն ինչպես է ավարտվելու, քանի որ այս իշխանությունները ծանրության կենտրոնով շեղված գնդակ են: «Նման գնդակները, որպես դատական բժիշկ ասեմ, ամենավտանգավորն են մարմնի համար, որովհետև, երբ մտնում են մարմնի մեջ, անկանխատեսելի են քանդում ու քայքայում, իսկ դուրս հանելիս առաջացնում են պատառոտված վերքեր, որոնք, որպես կանոն, մահացու են»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով իշխանությունների հանրային աջակցությանը՝ Աշոտյանն ասաց, որ եթե 2018 թ. կարելի էր արձանագրել, թե իշխանությունն ուներ հանրային աջակցություն, ապա 2019 թ. հանրային աջակցության արագընթաց էրոզիայի, քայքայման տարի էր:

«2020 թ. այդ տեսանկյունից լինելու է հանրային աջակցության պատրանքը պահպանելու տարի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացառապես խարսխված է մի բանի վրա՝ կա՛մ հանրային աջակցություն, ինչպես 2018-ին, կա՛մ հանրային աջակցության պատրանք, ինչպես կա 2019թ. վերջում և կլինի 2020թ.: Նա շատ լավ հասկանում է, որ հատկապես ներսի ու դրսի լուրջ քաղաքական դերակատարները շատ ավելի վճռական կլինեն, եթե այլևս «չուտեն այն կտերը», թե նա վայելում է հասարակության մի զգալի մասի աջակցությունը: Իմ կարծիքով՝ 18 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մոտավորապես, 35-37 % է»,-նշեց նա:

Իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի մասին խոսելով էլ՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, թե այս իշխանությունների «հակակոռուպցիոն» տրամաբանությունը հետևյալն է՝ կա՛մ կոռուպցիան պետք է քիչ լինի, կա՛մ իրենց՝ այդ կոռուպցիային մասնակցելու հնարավորությունը՝ ավելի շատ:

Ելույթն ամփոփելով՝ Արմեն Աշոտյանը վերահաստատեց իր միտքը, թե 2020 թ.  հարկավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք քաղաքական դաշտի գոյության տրամաբանությունը կփոխեն: «Արցախյան բանակցությունների բեռի տակ կքող, խայտառակ «տակ մնացող» իշխանությունները պարտավոր են օր առաջ Հայաստանում փոխել քաղաքական կոնֆիգուրացիան՝ ելնելով հենց արցախյան բանակցությունների և արցախյան ճակատում ստեղծված ահազանգող զարգացումներից և վտանգից: Այո՛, ես իրենց դրդում եմ, որ կիսեն այդ բեռը այն քաղաքական ուժերի հետ, որոնք գոնե մի քիչ նրանցից լավ են հասկանում այդ հարցից»,-ասաց Աշոտյանը: