Զբոսաշրջիկներին սնապարծությամբ չեք զարմացնի, պարոն Կարապետյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում նախատեսված ամանորյա ծախսերի մասին քննադատություններին՝ հեգնել է, թե սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից դեպի ամանորյա ծախսերի թեման։

Որպես քաղաքապետարանի մամուլի քարտուղար՝ բնականաբար նա պետք է փորձ անի արդարացնել այդ ծախսերը։ Եվ այս անգամ Հակոբ Կարապետյանը որպես փրկօղակ է ընտրել զբոսաշրջության զարգացումը՝ այդ տեսանկյունից մայրաքաղաքի և պետության բյուջեից նախատեսված հսկայական ծախսերը որպես ներդրում ներկայացնելով։

«․․․Եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր։

Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու»,- գրել է մամուլի քարտուղարը։

Ուրեմն երբ պետք է՝ համեմատվում ենք Թբիլիսիի հետ, փորձում մրցակցել մեր հարևանների հետ, իսկ երբ ձեռնտու չէ Թբիլիսիում այս կամ այն ձեռքբերման մասին խոսելն ու դրա հետ համեմատվելը՝ լռում ենք։ Հակոբ Կարապետյան, հարգելիս, դուք, վստահ եմ, վերջին տարիներին եղել եք Թբիլիսիում ու գիտեք, որ այնտեղ բարեփոխված տրանսպորտային համակարգ է գործում, և Թբիլիսիի բնակիչները բարեկիրթ սպասարկում են ստանում, ոչ թե երթևեկում են իրար շալակի ելած, կիսակորացած վիճակում՝ կիսախարխուլ, հազար տարվա կեղտով պատված, կիսասարքին միկրոավտոբուսներով։ Իսկ քաղաքակիրթ երթևեկելու հնարավորություն տվող տրանսպորտային համակարգը ևս գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Մինչդեռ մեզանում ձեր նշած տուրիստները ապշած նայում են լեփ-լեցուն «մարշրուտկաների» հետևից՝ մտածելով, թե գուցե մենք այդքան վայրենի ենք։ Հարևան Թբիլիսիում վաղուց այդպիսի բան չկա։ Արդյո՞ք դա չէ զբոսաշրջային գրավչությունը, երբ զբոսաշրջիկը տեսնում է, որ քաղաքակիրթ երկիր է եկել։ Հիմա նրանց հարցերն ավելի կշատանան՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ շքեղ տոնածառ ունենք, շքեղ Ամանոր ենք նշում՝ մեծ տոնակատարությամբ, բայց Երևանի փողոցներով երթևեկում են նախորդ դարերի երթուղայինները, կանգառներում լցված ուղևորները գիշերը չեն կարողանում տուն հասնել տրանսպորտի սակավության պատճառով․․․ շատ կանգառներ կահավորված չեն, իսկ կահավորվածներում էլ մետաղե նստարաններ են դրված, որոնց ցրտին նստելուց հետո առողջական խնդիրներ ձեռք կբերես։ Ի վերջո ցրտին ու մթին փողոցում մնացած երևանցու համար ձեր զբոսաշրջիկը հետաքրքիր չէ։

Գրեթե երկու տարի է՝ քաղաքապետարանը նաև չի կարողանում լուծել մայրաքաղաքի խցանումների խնդիրը, որը կաթվածահար է անում քաղաքը օրվա բոլոր ժամերի։ Ներդրումներ կատարեք տրանսպորտի ոլորտում, բեռնաթափեք փողոցները, լուծումներ գտեք խցանումներից ազատվելու համար, մայրաքաղաքն ապահովեք կայանատեղիներով, որպեսզի Երևանը բեռնավորված կայանատեղիի տեսք չունենա, բարեկարգեք Երևանը, կիսավարտ ու խոց դարձած կիսակառույցներում ներդրումներ արեք։

Ես կարծում եմ՝ Երևանի տնտեսության, բյուջեի անարդյունավետ կառավարում է ձեր արածը։ Ինչպես տան հայրը տան բյուջեն կծախսի տոնածառի, ճոխ սեղանի վրա, երբ տանը ջեռուցման գումար չկա, այդպես էլ ձեր նախատեսած ծախսերն ու միջոցառումներն են։ Զբոսաշրջիկի աչքին չեք կարող թոզ փչել, նրանք ամեն ինչ էլ շատ լավ նկատում են ու հետո համապատասխան տպավորություններով հեռանում այստեղից։ Եվ հավատացեք, մենք ավելի մրցունակ «ապրանքներ» ունենք առաջարկելու զբոսաշրջիկներին, քան սնապարծությունն է։

Թագուհի Ասլանյան