Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ,  85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել հիշյալ կանոնադրությունը:

Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով վերջինիս անդամներից մի քանիսը հրաժարական են տվել:

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցուն առընթեր թաղային խորհրդի անդամ Սիմոն Չեքեմը Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Աղբյուրի փոխանցմամբ` դատարանը մերժել է Սիմոն Չեքեմի հայցը՝ նշելով, որ Նախաձեռնարկ մարմինը չի ձևավորվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից և բողոքը պետք է ներկայացնել Նախաձեռնարկ մարմնի դեմ, այլ ոչ թե նախարարության:

Սիմոն Չեքեմի կողմից ներկայացված դատական հայցում նշվել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած կանոնադրությամբ սահմանափակվում է արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում:

«Մինչ այդ նման սահմանափակում չի եղել և թեկնածություն առաջադրելու հնարավորություն էր ընձեռվում այն եպիսկոպոսներին, որոնք հոգևոր ծառայություն էին իրականացնում արտասահմանում և որոնց հայրերը ծնունդով Թուրքիայից էին: Դրանով կանխել են արտասահմանաբնակ թեկնածունների առաջադրումը»,-նշել է նա:

Ըստ դատական հայցի` Նախաձեռնարկ մարմինը, չնայած վերոնշյալ սահմանափակմանը, որոշում է ընդունել շարունակել պատրիարքական ընտրությունների գործընթացը և չի կատարել իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից։

Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել էր Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։