«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ:

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասված է մեկնաբանության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն իր տեսակետը հայտնում է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և որ ՌԴ-ը շարունակելու է աջակցել հակամարտության լուծմանն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: