Դարձյալ գազի պայթյուն Ռուսաստանի բազմաբնակարան շենքերից մեկում

ՌԴ  Ռոստովի երկրամասի Շախտի քաղաքի իննհարկանի բազմաբնակարան շենքում  գազի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները։

Նախնական տեղեկություններով,  զոհվել է մեկ կին, յոթ մարդ տուժել է, նրանց թվում՝ երկամյա երեխա։ Փրկարարները տարհանել են 140 մարդու, չորսի ճակատագիրը դեռևս անհայտ է։

Մասամբ փլուզված շենքի տարածքում մտցվել է արտակարգ իրավիճակների ռեժիմ, փակվել է փողոցը։ Դեպքի վայր են ժամանել մարզպետ Վասիլի  Գոլուբևը, երկրամասի դատախազ Յուրի Բարանովը։

Իրավիճակը մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նախագահը հանձնարարել է համակողմանի աջակցություն ցուցաբերել տուժածներին և պարզել պայթյունի պատճառները։

Իր հերթին, վարչապետը հանձնարարել է փրկարարական աշխատանքների ավարտից հետո շենքում իրականացնել ամբողջական հետազոտություն: