Գիտնականները բացահայտել են Զատկի կղզու արձանների գաղտնիքը

Զատկի կղզու քարե արձանները ժամանակին տեղաբնակներին ցույց են տվել խմելու ջրի աղբյուրները։ Այս մասին նշել են ԱՄՆ-ի Բինհեմպտոնի համալսարանի հնագետները։ Իրենց վարկածը նրանք շարադրել են «PLOS ONE» ամսագրում։

Համարվում է, որ բնիկներն արձանները հրաբխային ապարներից կերտել են 1250-1500 թվականներին։ Դրանք մեծամասամբ տեղադրված են կղզու պարագծով։ Սակայն դրանց ստեղծման նպատակն առ այսօր անհայտ էր մնում, ենթադրվում էր, որ արձաններն ունեցել են ծիսական նշանակություն։

Հետազոտողների ուշադրությունը գրավեց այն, որ Զատկի կղզի այցելած մասնագետները նշում էին, թե խմելու ջուրը հաճախ չէր բավականացնում։ Համեմատելով կղզու վրա խմելու ջրի աղբյուրների մասին հիդրոլոգիական տվյալներն արձանների տեղադրության հետ, նրանք բացահայտել են, որ դրանց գտնվելու վայրերը գործնականում համընկնում են։

Գիտնականների բացատրությամբ, լինելով կղզում, դժվար է դա չնկատել, հատկապես տեղատվության ժամանակ։ Սակայն, տվյալների վիճակագրական մշակումը ցույց է տվել, որ արձանների մոտ իսկապես գտնվում են խմելու ջրի աղբյուրներ, իսկ այնտեղ, որտեղ արձաններ չկան, չկան նաև աղբյուրներ։

Աշխատության հեղինակները նշում են, որ բազմաթիվ գիտնականներ ենթադրել են արձանների և ինչ-որ ռեսուրսների միջև փոխադարձ կապի առկայության մասին։ Սակայն համոզիչ կերպով ապացուցել դա հաջողվել է առաջին անգամ։