Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, LIVEnews.am-ը խնդրանքով մեկնաբանել է տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղել զենքի մրցույթի չեղարկման կապակցությամբ։  Ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց, նշեց ՊՆ մամուլի խոսնակը և հավելեց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, և ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման: Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում և ինչ պաշտոնական դիրքորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ դրա մանրամասները»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: