Թրամփը կոչ է արել իմպիչմենթ հայտարարել Նենսի Փելոսիին և Ադամ Շիֆին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր մասնակցել են իր դեմ դավադրությանը, արժանի են պաշտոնանկության` հանցագործությունների և պետական դավաճանության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նենսի Փելոսին տեղյակ է եղել խորամանկ Ադամ Շիֆի`Կոնգրեսի և ամերիկյան ժողովրդի դեմ գործած բոլոր խարդախությունների և ստերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք և բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են այդ դավադրությանը, պետք է պաշտոնից ազատվեն»,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր» է, ինչպես նաև Շիֆը՝ «առանձնապես ծանր հանցագործությունների և անգամ պետական դավաճանության մեջ»:

«Սա նշանակում է, որ նրանց և այն անձանց, որոնք իրենց հետ չարամտորեն համաձայնության են եկել, պետք է անհապաղ իմպիչմենթ հայտարարել»,- նշել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը ուշադրության կենտրոնում է հայտնվել լրատվամիջոցների հրապարակումից հետո, երբ հետախուզության աշխատակիցն այն տագնապահարույց է համարել և բողոք ուղարկել իր ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել էր զրույցի սղագրությունը, իսկ հինգշաբթի՝ բուն բողոքը: Հրապարակված սղագրությունը հաստատել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է անցկացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկության հանգամանքների քննություն, որը քննում էր Burisma Group-ի գործունեությունը, որի տնօրեների կազմում էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին, և Հանթեր Բայդենի գործը:

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում սկսել էին Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգը՝ նրան մեղադրելով այն բանում, որ նա արտասահմանյան պետությունից օգնություն է խնդրում  քաղաքական հակառակորդին՝ Բայդենին վարկաբեկելու փորձի միջոցով ընտրություններին միջամտելու համար: Թրամփը մեղադրանքները հերքում է: