Ձերբակալությունների ևս մեկ խառնաշփոթ թուրքական բանակում

Թուրքիայում «ներքին դավադիրների» դեմ պայքարի հերթական ալիքն է տարածվում: Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 223 թուրք զինծառայողի ձերբակալման որոշում է կայացրել: Ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ ձերբակալությունները տեղի են ունենում նաև Կիպրոսի Հանրապետության օկուպացված մասում: Սեպտեմբերի 14-ին, թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ձերբակալման ենթակա անձինք կրկին մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի FETÖ «ահաբեկչական հոսքի» հետ կապ ունենալու համար, որի արտահանձմանը Անկարան ԱՄՆ-ից ձգտում է հասնել արդեն երեք տարի։ Օրինակ՝ բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնում է, որ ձերբակալության հրամանագրեր են տրվել երկրի գրեթե 50 շրջաններում Թուրքիայի ՌՕՈՒ, ՌԾՈՒ և ցամաքային զորքերի գործող զինծառայողների դեմ:

Հիշեցնենք, որ 2016թ․ մոտավորապես նույն օրերին, երբ «Սասնա ծռեր» ահաբեկիչները գրոհել էին Երևանը և սկսել սպանել ոստիկանության աշխատակիցներին, Թուրքիայում տեղի էր ունենում «ռազմական հեղաշրջման» թատերականացված սցենարի նման մի բան: Անկարան մեղադրել է Գյուլենի FETÖ կազմակերպությանը՝ հեղաշրջումը նախապատրաստելու մեջ, իսկ քրեական դատավարության գլխավոր մեղադրյալն ինքը՝ Գյուլենն էր՝ այդ կազմակերպության ղեկավարը, ով բնակվում է ԱՄՆ-ում։ FETÖ-ի աջակցության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, Թուրքիայի ավելի քան 170 հազար քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը երկրի պետական ​​և մասնավոր սեկտորներում, այդ թվում՝ շուրջ 130 հազար պետական ծառայող և բյուջետային ոլորտի աշխատակիցներ: Դատապարտյալների, մեղադրյալների և կասկածյալների թվում կան բարձրաստիճան սպաներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, ոստիկանության սպաներ, դատախազության և դատական ​​համակարգի աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ: Այժմ էլ հիմնական ձերբակալվածները սպաներ են, ոչ թե սերժանտներ ու զինվորներ: Ըստ «Reuters» գործակալության՝ արդեն բերման ենթարկվածների շարքերում են բանակի ցամաքային զորքերի ավելի քան 100 գործող և նախկին սպա, ՌՕՈՒ 41 օդաչու և ՌԾՈՒ 32 սպա:

Ձերբակալությունների նոր ալիքը տեղի է ունենում իշխող ԱԶԿ (Արդարության և զարգացման) կուսակցությունից նեո-օսմանական քաղաքականության գաղափարական «հայր», նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դուրս գալու ֆոնին: Նրա շրջապատից հայտարարում են, որ Դավութօղլուն պատրաստվում է ստեղծել իր սեփական կուսակցությունը: Շատ լավ հիշում եմ, որ երբ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը լքում էր ԱԶԿ-ն, նա ևս խոստանում էր վերադառնալ քաղաքականություն իր կուսակցությունով: Այնուամենայնիվ, մինչև այժմ «Գյուլի կուսակցության» մասին ոչինչ չի լսվել: Բայց այն փաստը, որ Էրդողանի կուսակցությունը լքել են և շարունակում են լքել անձինք, որոնք նախկինում հավատարիմ էին Թուրքիայի ներկայիս նախագահին, խոսում է ԱԶԿ իշխող կուսակցության վերնախավի խորքային ճգնաժամի մասին: Եվ այս ճգնաժամը տարածվում է ամբողջ Թուրքիայով մեկ, քանի որ Էրդողանին անհրաժեշտ էին նոր ձերբակալություններ բանակում և նավատորմում:

Զարմանալի է միայն մի բան. ձերբակալությունները տեղի են ունենում սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում տարբեր տեսակի զորքերի, ռազմական միավորումների և կազմավորումների մասնակցությամբ լայնածավալ մարտավարական զորավարժությունների անցկացման մասին հայտարարության հետ գրեթե միաժամանակ։ Մենք դեռ կանդրադառնանք այս խնդրին, սակայն այժմ ուզում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի բոլոր զորավարժություններին միշտ մասնակցում են նաև թուրք զինծառայողները: Ամենից հաճախ՝ ակտիվորեն, երբեմն՝ «խորհրդատվական» մակարդակով, հայտնի փաստ է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում կան թուրքական քաղաքացիություն ունեցող բարձրաստիճան աշխատակիցներ: Մենք չգիտենք, թե արդյոք ձերբակալման ենթակա 223 զինծառայողների ցուցակի մեջ ներառվա՞ծ են այն սպաները, ովքեր «աշխատում են» Բաքվում: Սակայն, ըստ իրերի տրամաբանության, եթե Էրդողանին 2016-17 թթ. հաջողվել է Իլհամ Ալիևին «որս» պարտադրել Բաքվում Գյուլենի կողմնակիցների դեմ, և Ալիևն իր հրամանագրերով վերացրեց Ադրբեջանում Գյուլենի կազմակերպությունները, ապա Ապշերունում աշխատող թուրք սպաների ձերբակալությունը պետք չէ բացառել:

Սերգեյ Շաքարյանց