Թիվ 16 հատուկ դպրոցն առանց ֆինանսավորման է մնացել, թեև այն փակելու որոշում դեռ չկա (տեսանյութ)

Ովքե՞ր են զանգահարում ծնողներին և դրդում երեխաներին հանել դպրոցից

Ամիսներ առաջ դպրոցի անձնակազմը ծանուցագրեր է ստացել այն մասին, որ սեպտեմբերի մեկից այն այլևս որպես հատուկ դպրոց չի գործելու, հետևաբար աշխատակազմը կրճատվելու է, ինչպես նաև տնօրենին հրահանգ է տրվել նոր երեխաների չընդունել դպրոց, իսկ հներից նրանք, որոնք չեն համապատասխանում հատուկ կարիքներին, ուղարկել այլ դպրոցներ։ Արդյուքնում դպրոց հաճախող սաների թիվը կրճատվել է։ Այսօր մյուս երեխաները ևս կանգնած են իրենց համար հարազատ դարձած դպրոցի դռները մի օր իրենց առաջ փակ գտնելու վտանգի առաջ, քանի որ կառավարությունը մտադիր է դպրոցը դարձնել սովորական հանրակրթական և կամ ընդհանրապես լուծարել այն։

Այնինչ, այս դպրոց են հաճախում որոշակի առողջական, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք այլ դպրոցներում անգամ ներառական կրթության առկայության պայմաններում կդժվարանան որակյալ կրթություն ստանալ։ Բայց դա, ինչպես երևում է, իրավասուներին առանձնապես չի անհանգստացնում, նրանց առաջ խնդիր է դրված՝ փակելու հատուկ դպրոցը, և դրա համար գործի են դրվում հնարավոր բոլոր միջոցները։

Բանն այն է, որ սեպտեմբերի մեկին ընդառաջ երբ դպրոցի անձնակազմը բողոքի ձայն բարձրացրեց, մասնավորապես կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրին, որ առայժմ դպրոցի սաները շարունակելու են հաճախել իրենց կրթարան, իսկ կառույցը շարունակելու է գործել որպես հատուկ դպրոց։ Բայց այսօր պարզվում է, որ դպրոցը դադարել են ֆինանսավորելուց՝ հավանաբար այդկերպ փորձելով ճնշում գործադրել և ի վերջո աշխատակազմին պարտադրել այլ աշխատանքի հնար գտնել, ծնողներին էլ՝ իրենց երեխաներին այլ դպրոցներ տանել։ Ավելին, երեխաների ծնողնեը դժգոհում են, որ իրենց տարբեր տեղերից մարդիկ են զանգանահում և ասում, թե թիվ 16 դպրոցն արդեն լուծարվել է, ուստի հորդորում են երեխաներին այլ դպրոցներ տանել։ Ասել է, թե իրավասու կառույցները անհողդողդ են իրենց որոշման մեջ և մտադիր չեն լսելու կողմերի փաստարկները։

Մանրամասները՝ տեսանյութում