Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշը՝ գանգի նկարով

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝  վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:

Տեղեկացրել է «Ermenihaber.am» լրատվական կայքը՝ հղում անելով լիբանանյան «Lebanondebate.com» կայքի հրապարակմանը, որում նշված է, որ գանգը խորհրդանշում է Օսմանյան Թուրքիայի արյունարբու կերպարը։

Ըստ աղբյուրի՝ պաստառը փակցվել է մի խումբ լիբանանցի երիտասարդների կողմից՝ ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարության վերաբերյալ տարածած կոշտ հաղորդագրությանը:

Հիշեցնենք, որ Լիբանանի և Թուրքիայի միջև լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր գրառման մեջ անդրադարձել էր առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությանը, որով Լիբանանի պատմության մեջ նոր փուլ սկսվեց, և Լիբանանը անկախություն ձեռք բերեց։

Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահի գրառումը որակել էր որպես անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն, որում Օսմանյան պետությունը ներկայացվում է «ահաբեկչական պետություն»։