Մահացել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը (լուսանկարներ)
Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը:
Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ մեծ կորստի համար ցավակցելով նկարչի հարազատներին ու մտերիմներին:
Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936թ․հոկտեմբերի 2-ին, Գյումրիում։
Յուրովի մեկնաբանությամբ է կերտել Ստեփան Շահումյանի, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում, Սամարղանդում և այլուր, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում:
Նրա հանրահայտ ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը», «Մայր Երկիր», «Միացյալ խաչ»:
Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի մասնավոր հավաքածուներում։