2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:

Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրու շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրու շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: