Թբիլիսիում անցկացվելիք «Սանիթեքի» ասուլիսը հարված է Հայաստանին. Դավիթ Խաժակյան

Մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 31-ին հրավիրած մամուլի ասուլիսը կարող է վնաս հասցնել և՛ մեր քաղաքին, և՛ մեր պետությանը, հեղինակազրկել Հայաստանի պետական ինստիտուտները: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Օտարերկրյա ներդրողի կողմից հարևան պետության տարածքում նման քննարկում իրականացնելը, մենք կարծում ենք, ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և ես պետք է կոչ անեմ «Սանիթեքի» սեփականատերերին, ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլերից, որովհետև դրանով վատ նախադեպ է լինելու»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ իրենց կարծիքով՝ այդ ասուլիսը չպետք է Թբիլիսիում տեղի ունենա: Նա կոչով դիմեց ընկերության ղեկավարությանը՝ գալ Երևան և այստեղ պատասխանել թե՛ երևանցիների, թե՛ լրագրողների հարցերին. «Այն խնդիրը, որը լոկալ բնույթի է, չի կարող հարևան պետության մեջ քննարկման առարկա դառնալ, էլ չեմ ասում, որ դա բավականին լավ առիթ է մեր ոչ բարեկամ պետությունների համար, թե մենք չենք կարողանում մեր խնդիրները մեզ մոտ կարգավորել»:

Հարցին, թե ըստ իրեն՝ ինչու նման որոշում կայացրեց «Սանիթեքը», Խաժակյանը պատասխանեց՝ այսքան ժամանակ ընկերությունն  իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու որևէ խոչընդոտ չի ունեցել։ Դավիթ Խաժակյանը նաև նշեց, որ Երևանի ավագանու տարբեր խմբակցության անդամներ բազմիցս ասել են, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու «Սանիթեքի» մոտ առաջացած խնդիրները լուծելու համար:

«Սանիթեքի» համար խնդիր չի կարող լինել մեր քաղաքում այդ խնդիրների մասին խոսելը և այս քայլն ուղղակի հարված է մեզ: Այս ամենն սկսվեց 2018 թ. ավագանու ընտրություններից, երբ եղավ խոստում, որ պետք է այս խնդիրը կարգավորվի»,– ասաց նա։

Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ իրենք «Սանիթեքի» առաջ ցույց էին անում՝ պահանջելով պատշաճ աղբահանություն իրականացնել։ Խաժակյանի խոսքով՝ իրենք դա անում էին այն ժամանակ, երբ Երևանը չուներ ընտրված քաղաքապետ, կար պաշտոնակատար, և «այդ անիշխանության ժամանակահատվածում» իրենք դիմում էին անմիջապես կապալառուին:

«Եվ մեկ տարի հետո, երբ քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը որպես թեկնածու ասում էր, որ լուծելու է այս խնդիրները և Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ երաշխավորում էր այս ամենը, այսօր Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ այս հարցի մասով և նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չի կրում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Ուստի, այս ամոթալի վիճակը, երբ մի կազմակերպություն, իր կարծիքով, չի կարողանում այստեղ իր խնդիրները կարգավորել և գնում է այլ պետության մեջ ասուլիս է տալիս, դա նաև մեր խնդիրն է, քանի որ մենք ամեն գնով պետք է կանխենք սա»,– ասաց Դավիթ Խաժակյանը: