Էրդողանը հերթական խուճապի նոպայի մեջ է

Աշխարհի ուշադրության կենտրոնում էր հայտնվել հուլիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսպասելի զանգը Մոսկվա և հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում գրված է. «Լիբիայի վատթարացող իրավիճակի վերաբերյալ փոխադարձ մտահոգություն կա․․․ Ընդգծվել է նաև Սիրիայում իրավիճակի կարգավորման համար քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման կարևորությունը»: Նշվում է, որ Էրդողանը նաև անկեղծ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին Բարենցի ծովում ռուս նավաստիների խմբի ողբերգական մահվան կապակցությամբ:

Եվ հանկարծ, Reuters անգլիական գործակալությունը, հղում կատարելով Էրդողանի շրջապատին հարող աղբյուրին, տեղեկացրեց. «Էրդողանը հեռախոսազրույցում նախազգուշացրել է Պուտինին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի հարձակումը Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, կարող է լիովին ոչնչացնել Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի նախկինում ձեռք բերված համաձայնությունները»: Էրդողանը կոչ է արել Պուտինին՝ կանգնեցնել ալ-Ասադին, պնդում է Reuters-ը:

Հիշեցնեմ, որ այս նույն գործակալությունը, ինչպես նաև տարբեր քրդական ԶԼՄ-ներ 2018թ. հուլիսին գրեթե նույնն էին հաղորդում: Պարադոքսալ է, բայց 2018 թվականի հուլիսի 15-ին Էրդողանը զանգահարել է Պուտինին: Կրեմլը հաստատեց Պուտինի և Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի փաստը, ինչպես «խոստովանել էր»  մեկ տարի առաջ՝ 2018 թ. հուլիսի հեռախոսազրույցի մասին: Հիշեցնենք, մեկ տարի առաջ Կրեմլի հայտարարության մեջ նշված էր, որ երկու կողմերը պատրաստ են «միասնական քայլերի՝ Սիրիայում ճգնաժամային իրավիճակի լուծման համար»:

Իսկ ի՞նչն է ստիպել թուրք նախագահին շտապ զանգահարել Մոսկվա: Բանն այն է, որ օրինակ, Լիբիայում ապստամբ գեներալ (ըստ այլ աղբյուրների՝ մարշալ) Խալիֆա Հաֆթարը, որը վերահսկում է երկրի մեծ մասը, հունիսի 29-ին հրամայել է Լիբիայի ազգային բանակին՝ գրոհել երկրում  գտնվող բոլոր թուրքական օբյեկտները: Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ ալ-Միսմարին ընդգծել է, որ այսուհետև բոլոր թուրքական նավերն ու ինքնաթիռները «համարվում են թշնամական թիրախներ»: Նա նաև ավելացրել է, որ Լիբիայի օդային տարածքում գտնվելու արգելքը վերաբերում է նաև Թուրքիա մեկնող և Թուրքիայից թռչող առևտրային թռիչքներին: Լիբիայի ազգային բանակում նշել են, որ նման գործողությունները «Լիբիայի ներքին գործերին Էրդողանի կոպիտ միջամտության» պատասխանն են, ինչպես նաև, հայտարարել են, որ Թուրքիայի նախագահի գործողություններին «պետք է վերջ դնել»: Ի դեպ ավելացնեմ, որ Լիբիայից ստացված որոշ հաղորդումների համաձայն, հենց Խալիֆա Հաֆթարն է պատրաստում Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խորհրդարանական բանաձևը:

Սիրիայում թուրքերի համար ամեն ինչ էլ ավելի վատ է։ Խնդիրն այն է, որ «Ալ-Քաիդայի» և «Հիզբ-ուտ-Թուրքեստանի» («Թուրքեստանի կուսակցության») թուրքամետ ահաբեկիչները կրկին փորձել են գրոհել Սիրիայի բանակի դիրքերը: Մարտերը շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ, ընդ որում մարտերին մասնակցում են նաև թուրքական կանոնավոր զորքերը: Ինչպես միշտ, ահաբեկչական հարձակումից առաջ իսրայելական ռազմական ավիացիան Լիբանանի օդային տարածքից հարվածներ է հասցրել Սիրիային։ Ավերվել են  քաղաքացիական շենքեր, կան վիրավորներ ու զոհեր, այդ թվում երեխաներ: Բայց իսրայելական հարվածը չի օգնել Թուրքիային և թուրքամետ ահաբեկիչներին, սիրիական բանակն անցել է հակահարձակման:

Եվ ահա Թուրքիայի նախագահը զանգահարում է Պուտինին, թե «կանգնեցրեք ալ-Ասադին»: Զարմանալի է, բայց ինչ-ինչ պատճառներով Էրդողանը չի զանգահարել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, չնայած, Անկարան լավ գիտի, որ սիրիական բանակի բոլոր ցամաքային գործողությունները վերահսկվում և ուղղորդվում են հենց Իրանի ռազմական փորձագետների կողմից, այլ ոչ թե Ռուսաստանի:

Թուրքիայի վախը պայմանավորված էր նրանով, որ հակահարձակման ընթացքում Իդլիբ տանող ճանապարհին սիրիական բանակի «Վագրի ուժեր» հատուկ ջոկատը գրավել է ահաբեկիչների հենակետ՝ Կաֆր Նաբուդան: Օգոստոսին «Աստանայի ձևաչափով» Սիրիայի վերաբերյալ նոր գագաթնաժողովը՝ Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի մասնակցությամբ, կանցկացվի Թուրքիայի տարածքում: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: Գագաթնաժողովի անցկացման ամենահավանական ժամկետը, ըստ Քալինի խոսքերի, օգոստոսն է:

Էրդողանի զգուշավորությունը՝ Իրան չզանգելու առումով, պարզ է․ հունիսին իրանական բարձրաստիճան պաշտոնյաները հերթական անգամ բարձրաձայնել են, որ Սիրիայից պետք է դուրս բերվեն բոլոր այն երկրների զորքերը, որոնք Սիրիայում են գտնվում առանց սիրիական կառավարության համաձայնության: Բայց չէ՞ որ թուրքական զորքերն ապօրինի են գտնվում Սիրիայում, ուստի և Էրդողանը զգուշանում է իրանցիներից, որ կլսի փափուկ «ոչ»:

Այնուամենայնիվ, Սիրիայի, օժանդակ շիա աշխարհազորի և Իրանի ռազմական խորհրդականների հակահարձակումը կանգնեցնելու Էրդողանի վերջին հույսը հենց Ռուսաստանն ու Պուտինն են։

Դատելով Քալինի խոսքերից, Անկարան առանձնապես հույսեր չի կապում «Աստանայի գործընթացի» հետ: Թուրքական NTV հեռուստաալիքում հեռարձակված ելույթում Քալինը հաղորդել է, որ Ստամբուլում կրկին կանցկացվի այսպես կոչված «Ստամբուլի ձևաչափով» քառակողմ գագաթնաժողով՝ ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ քառակողմ գագաթնաժողովը պետք է անցկացվի մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի մեկնարկը, որի բացումը նշանակված է սեպտեմբերի 17-ին: Նա խոստովանեց. «Մանրամասն դիտարկվելու են Սիրիային վերաբերող հարցերը: Հիմնական թեման, բնականաբար, կլինի Իդլիբը, Սիրիայում անվտանգության ոլորտի ընդհանուր իրավիճակը…»:

Իրավիճակին արձագանքել է Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Իգոր Մորոզովը: Դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է. «Այժմ Թուրքիան լավ հնարավորություն ունի «ճկունորեն բաժանվել» Իդլիբի գրոհայիններից և ընդդիմությանն աջակցել միայն «քաղաքական մակարդակով»: «Սև ժամանակներ» են սկսվում Թուրքիայի համար, քանի որ Բալկանյան երկրներից ևս Անկարայի հանդեպ նկատվում է հռետորության խստացում։

Սերգեյ Շաքարյանց