Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` պարզաբանումներ տալու
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեհաստանի դեսպանատան մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը:
Հուլիսի 3-ի ճեպազրույցի ժամանակ Նաղդալյանն ասաց, որ այս հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանումներ տալու, ինչպես նաև նրան ներկայացվել է Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը:
«Այս հարցը դիտում ենք առավել լայն` ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման գործընթացի հաստատման համատեքստում, և այդ գործընթացի որևէ դրույթի կատարման գործընթացում թերացումները մեզ համար անընդունելի են, և մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Նշեմ, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և այս հարցին մշտապես հետամուտ ենք լինելու»,- ասաց Նաղդալյանը:
Նշենք, որ «Հետք»–ը գրել էր մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանության ստեղծած արհեստական խոչընդոտների մասին, ինչի հետևանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար «Հետք»–ի լրագրողը ստիպված մեկնել է Թբիլիսի, որտեղ էլ Շվեյցարիայի դեսպանատունը արագորեն տրամադրել է մուտքի արտոնագիրը: