Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը։ ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, Ա․Միրզոյանը մասնավորապես ասել է․

«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի,

մեծարգո տիկին Մատվիենկո,

հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, լինելու նրանց ձայնը, կայուն երկխոսություն հաստատելու իշխանության և հասարակության միջև:

Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման այնպիսի կարևորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը և վերահսկողությունը:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը և թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից վերջինին: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբևէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան և կլիմայի փոփոխությունները, աղքատության և անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ պայքարը:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձևավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն և ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման և համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ բոլոր պատվիրակությունների արդյունավետ և լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները:

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Ցավոք, ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: և այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից և նրանց շահերի մասին, հանուն կայուն խաղաղության:

Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի ևս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության և աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության և փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով:

Շնորհակալություն ուշադրության համար»։