Դատավորը որքան կոպտորեն խախտի Քոչարյանի իրավունքները, այնքան ներկա իշխանություններն ավելի մեծ տեղ կտան իրեն (տեսանյութ)

Հայաստանի այսօրվա իշխանությունները, ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի, կարծես թե Արմեն Դանիելյանի, այդ տեսակի դատավորների հույսին են մնացել:

«Այս իշխանությունների հույսն Արմեն Դանիելյան տեսակի դատավորն է մնացել»,- շարունակելով իր խոսքը, ասաց փաստաբանը:

Խոսքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի մասին է, որը հունիսի 25-ին բավարարելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքները, վերացնելով Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացրեց մի որոշում, որով պարոն Քոչարյանը դարձյալ կալանավորվեց:

«Մենք հիմա պատկերացնում ենք մի բան շատ պարզ՝ ինչքան ավելի կոպիտ ձևով դատավոր Դանիելյանը («դատավոր Դանիելյան» երբ որ ասում եմ, «դատավոր» բառը ես միշտ նկատի ունեմ չակերտների մեջ) խախտած լինի, ինչքան ավելի սանձարձակ ձևով խախտած լինի պարոն Քոչարյանի իրավունքները, այնքան ներկա իշխանություններն ավելի մեծ տեղ կտան իրեն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այդ վեթինգի արդյունքում դատավոր Դանիելյանը կպահպանի իր պաշտոնը,- ասաց Հայկ Ալումյանը։- Այսինքն՝ հենց այն, որ ինքը խախտում է պարոն Քոչարյանի իրավունքները, իրեն բարձրացնում են ներկա իշխանությունների աչքում, և հենց դրա համար էլ նա խախտում է»։

Պատասխանելով տողերիս հեղինակի հարցին, թե պարոն Քոչարյանը դատաքննության փուլում կարո՞ղ էր քրեական վարույթն իրականացնող մարմնից՝ դատարանից, թաքնվել, կա՞ր այդպիսի ռիսկ, որ Վերաքննիչ քրեական դատարանն այդպիսի որոշում կայացրեց, Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց.

«Մեր գնահատմամբ, նման ռիսկ գոյություն չուներ և դա բազմիցս գործնականում ապացուցվել է, երբ պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ այս գործի քննության ընթացքում: Այսինքն՝ անգամ ենթադրությունների մեջ պետք չէ մտնել, այստեղ ընդամենը պետք է հետ նայել ու տեսնել, որ բավական երկար ժամանակ պարոն Քոչարյանն ազատության մեջ է գտնվել առանց որևէ խափանման միջոցի, անգամ առանց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, և երբևէ փորձ չի արել թաքնվելու վարույթն իրականացնող մարմնից:

Ավելին ասեմ՝ իմանալով, որ այստեղ, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու է քրեական հետապնդման, Հունաստանից վերադարձել է Հայաստան, որպեսզի այս քրեական գործով ներկայացնի իր փաստարկները և պաշտպանվի»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մտադիր է ներպետական պաշտպանության բոլոր հնարավորությունները սպառելու նպատակով դիմել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ, իսկ այնուհետև (հնարավոր է նաև զուգահեռաբար, մինչ Վճռաբեկ դատարանի որոշումը), դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ Եվրոպական դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումի քննությունը շատ չի՞ երկարի:

Ըստ փաստաբանի, անցյալում են այն երևույթները, որ կալանավորման հետ կապված գանգատները Եվրոպական դատարանում կարող էին տասը տարի քննվել, հիմա կալանավորման հետ կապված գանգատները Եվրոպական դատարանում բավական արագ են սկսել քննվել, կարող է հենց նոր ներկայացված գործը մի քանի ամիս հետո կոմունիկացվել կառավարությանը: Պաշտպանը նշեց նաև, որ դատավոր Արմեն Դանիելյանն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հարստացնի Եվրոպական դատարան դիմելու համար պաշտպանական խմբի ունեցած հիմքերը, փաստարկները:

«Հավանաբար երբ որ մի օր այս ամենի համար պատասխան տալու ժամանակը գա, նա փորձելու է մեզ համոզել, որ ինքը հատուկ է մեզ համար շատ հիմքեր ստեղծել, որ մեզ հեշտ լինի եվրոպական դատարանում հաջողության հասնել»,- ասաց փաստաբանը:

Արթուր Հովհաննիսյան