Եղածը քանդելով՝ ո՞ւր կարող ենք հասնել, Փաշինյանի իշխանությունն այսպե՞ս է իրավական երկիր կառուցում

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

Պարոն Պետրոսյան, մեկը մյուսի հետևից հրաժարականներ տվեցին նախ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը։ Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում։

-Աշխատանքի բերումով երկուսին էլ ճանաչում եմ, որպես պրոֆեսիոնալների՝ նրանց մասին բարձր կարծիք ունեմ։ Սակայն չեմ կարող ասել, թե հրաժարականների շարժառիթը կոնկրետ ի՞նչն է եղել։ Շրջանառվող ասեկոսեների վրա էլ չեմ կարող հենվել։ Համենայնդեպս, հրաժարական ներկայացնելը պաշտոնյայի իրավունքն է։

Եթե հրաժարականները բխել են այդ պաշտոնյաների կամքից, ասելիք չունեմ, բայց եթե  համակարգի ներսում առկա վիճակով պայմանավորված են գնացել այդ քայլին՝  կնշանակի իշխանության ներսում խնդիր կա։

ԲԴԽ-ը, չնայած, ձևավորվել է նախորդ գումարման Ազգային ժողովի  կողմից, բայց ենթադրվում էր, որ կառույցի անդամները վայելում են իշխանությունների համակրանքը։ Իշխանություններին հաճոյանալու խնդիր չէր կարող լինել․․․

Օրինակ, երբ հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, շրջանառվում էին ասեկոսեներ, համաձայն որոնց, հրաժարականը ոչ թե այն պատճառով էր, որ իրեն պարտադրել են, այլ որովհետև իր համար անցանկալի է եղել նման մթնոլորտում աշխատելը։ Նա նպատակահարմար չի գտել այդ մթնոլորտում պայքարել։  Գուցե նման շարժառիթ կա նաև երեկ տեղի ունեցած հրաժարականների հիմքում։

Եվ հետո, ես այն կարծիքին չեմ, որ ցանկացած իշխանափոխություն պետք  է անդրադառնա իշխանության այլ թևերի վրա, մասնավորաբար, դատական  իշխանության վրա։ Հակառակը, դատական իշխանությունը պետք է լինի ամուր՝ անկախ քաղաքական ուժերի հարաբերակցության  փոփոխությունից։ Հակառակ դեպքում, գրչի մեկ հարվածով մեկը մյուսի հետևից պետք է հրաժարական տան նախկինում նշանակված պաշտոնյաները։ Բայց դա ընդունելի մոտեցում չէ։

Իսկ գուցե այս հրաժարականները պետք է դիտել վարչապետ Փաշինյանի կողմից հայտարարված դատական համակարգի հեղափոխության տրամաբանության մե՞ջ։ Ինչը, փաստորեն, այս պահին արտահայտվում է կադրային ջարդով։

-Հնարավոր է, որ նաև դա լինի պատճառը։ Բայց չեմ կարող պնդել, քանի որ չեմ տիրապետում փաստերին։ Նաև, չեմ կարող վստահաբար ասել, որ օրինակ, ԲԴԽ նախագահի կամ Արդարադատության նախարարի, ԲԴԽ անդամի  հրաժարականները նշանակում են իշխանության փլուզում կամ իշխանական թևերի բախում։

-Բայց նաև ակնհայտ է, որ ներսում կան խնդիրներ։

-Եթե իշխանության ներսում կան խնդիրներ, ապա դրանք նաև նման իրավիճակներով կարող են արտահայտվել։ Իսկ այդ խնդիրները միայն իշխանությանը չեն, դրանք մեր երկրինն են։  Մենք ուզում ենք ունենալ կուռ դատական համակարգ, իսկապես անկախ դատական խորհուրդ, այնպիսի արդարադատության համակարգ, որը բացարձակապես չկրի գործադիր իշխանության ազդեցությունը։ Ցավոք, այս պահին մենք դա չունենք։ Բայց եղածն էլ քանդելով ինչի՞ կարող ենք հասնել՝ դա պետք է հուզի այն մարդուն, որը հանդես է եկել համակարգը բեկումնային փոփոխությունների ենթարկելու առաջարկով, այսինքն՝ ՀՀ  վարչապետին պետք է հուզի։

Այնուհանդերձ, ձեր դիտարկումը ևս ինձ համար ընդունելի է՝ ինչ-որ բան այն չէ, որ այդ կարևոր դեմքերը մեկը մյուսի հետևից  հրաժարականներ են տալիս։

Չե՞ք կարծում, որ Արտակ Զեյնալյանը ճիշտ կաներ՝ հրաժարական տար մայիսի 20-ին, երբ Փաշինյանը հրահանգեց ժողովրդին ակցիաներ կազմակերպել ու արգելափակել   դատարանների ելքերն ու մուտքերը, երբ ականատես եղանք մի խայտառակ իրողության՝ դատավորները փորձում էին պատուհաններից ներս մտնել, իսկ ակցիայի մասնակիցները նրանց հրմշտելով ցած էին գցում։ Այ, այդ  ժամանակ Զեյնալյանի հրաժարականը առավել արժանապատիվ կլիներ։

-Եթե, իսկապես, հրաժարականը պայմանավորված է ձեր նշած հանգամանքով,  ապա, իհարկե, համակարծիք եմ, որ Զեյնալյանը պետք է հենց այն ժամանակ հրաժարական տար։ Քանի որ հետին թվով  հեռանալը բոլորովին պատիվ չի բերում որևէ մեկին, հետին  թվով բարոյական ձևանալ պետք չէ։ Ինքս հենց այդ օրը քննադատեցի վարչապետի հորդորը, այն համարելով հակասահմանադրական։ Կազմակեպված ակցիաները որակեցի որպես սահմանադրությանը հակասող։

ԲԴԽ-ը ևս պետք է հենց այդ օրը բարձրաձայներ, որովհետև Սահմանադրությամբ իր վրա է դրված դատական մարմինների անկախության երաշխավորումը։ Բայց նրանք, չգիտես ինչու, լռեցին։ Այսօր հանգում ենք հայտնի ժողովրդական խոսքին՝  պետք է գործել միասնաբար, հակառակ դեպքում առանձին-առանձին հեշտ է կոտրելը։

Մանվել Գրիգոյանի պաշտպանը հայտարարեց, թե իր պաշտպանյալը բանտում խոշտանգումների է ենթարկվել, դրան արձագանքեց նաև ՄԻԵԴ-ը։ Սա ի՞նչ է նշանակում, Փաշինյանի իշխանությունն այսպե՞ս է իրավական երկիր կառուցում։

-Բազմիցս եմ ասել, եթե պետք է հեղափոխությունից հետո իշխեն նույն բարքերը, ապա ամեևին պետք չէր հեղափոխություն անել։ Այսինքն, եթե հեղափոխությունից հետո պետք է գործադիրը մատ թափ տա դատարանի վրա, մարդու իրավունքները շարունակեն  խախտվել այնպես, ինչպես խախտվել են մինչև հեղափոխությունը, եթե  հեղափոխությունից հետո ժողովուրդն ամեն օր պիտի քնի ու արթնանա անորոշ սպասումներով, ուրեմն նման հեղափոխությունը մեզ ամենևին պետք չէր։

Հետևաբար այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ես ստիպված եմ անվանել իշխանափոխություն։ Դրա համար հեղափոխություն իրականացրած  իշխանավորները պետք է հրաժարվեն նախկին բացասական բարքերից ու եթե հայտարարում են, որ նոր Հայաստան են կառուցում, ուրեմն, պետք է կառուցեն նոր բարքերով։ Հակառակ դեպքում  զարգացման ոչ մի հույս չի կարող լինել։

Արմինե Սիմոնյան