Գործադիրը որոշեց մարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պարտքը
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց մարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի 16 438 879 դրամ պարտքը։
Պարտքը գոյացել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո` աշխատակիցների աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների չվճարման հետևանքով և ձևավորված տույժերի մասով։
Պարտքի վերաբերյալ տեղեկանքը կառավարությանն է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից դադարեցվել էր։ Մարտի 8-ին որոշվել էր լուծարել հիմնադրամը, բայց հոգաբարձուների խորհուրդը դիմել էր դատարան` բողոքարկելով կառավարության այդ որոշումը։ Այդ հիմքով որոշման կատարումը հետաձգվել է մինչ դատարանի վերջնական որոշման կայացումը։