ՀԲԸՄ-ը Ստեփանակերտում ազդարարել է երկու նոր ծրագրերի մեկնարկը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն այսօր Ստեփանակերտում ներկայացրել է «Կին ձեռներեցներ», «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկի մասին և անդրադարձել «ՀԲԸՄ-ը հանուն Արցախի» հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը կարևորել է իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացման գործին` ընդգծելով, որ միության գործունեությունը չի սահմանափակվում միայն Հայաստանում և Արցախում, իրենք պարտավորություններ ունեն նաև Սփյուռքում:

ԱՀ կառավարության անունից շնորհակալություն և բոլոր ծրագրերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը` նշելով, որ երկուստեք հաջողվել է կյանքի կոչել մի շարք ծրագրեր: Այսօր ներկայացվող երկու ծրագրերը պետական նախարարը համարել է չափազանց կարևոր` ընդգծելով, որ, ըստ էության, գործ ունեն ենթակառուցվածքներից ամենազգայունի և թերևս ամենակարևորի` սոցիալական ոլորտի հետ:

Հաջորդիվ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձել է ՀԲԸՄ աշխատանքներին: Նրա խոսքով` 113-ամյա միությունն ունի ավելի քան 120 հազար շրջանավարտներ, 38  խմբերում ձևավորվել են 18  հազար արհեստավարժներ, Հայաստանում և Արցախում ունեն ավելի քան 11 հազար շահառուներ:

«Պատերազմից հետո մենք լծվեցինք բնակարանաշինության ծրագրին,- ասել է Վ. Յակուբյանը և հավելել,- Ստեփանակերտի թիվ  7 դպրոցի վերակառուցման, Ալեք Մանուկյան փողոցի վերանորոգման, Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում վերակառուցման աշխատանքները ևս կատարվել են մեր միջոցներով: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 2016-ի ապրիլին, այդ թվում`բժշկական սարքավորումների տեսքով:

Համագործակցության ծրագիր ունենք Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների հետ, որի մեկնարկը տրվել է 2015 թ.: Աջակցություն է ցուցաբերվում նաև Արցախի պետական կամերային նվագախմբին: Գյուղատնտեսության ոլորտում ունենք «Հուսո դաշտեր» և «Ձիթենու այգիներ» ծրագրերը, որոնք իրականացվում են Քաշաթաղի շրջանում` շուրջ 16 սիրիահայ ընտանիքների միջոցով»:

Անդրադառնալով նոր ծրագրերին` ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն ասել է, որ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:

«Փոքր և միջին ձեռնարկատիրությունները երկրի տնտեսական աճի ողնաշարն են,- ավելացրել է Դալար Կազանջյանը։- Մենք պետք է փորձենք զարգացնել ձեռներեցությունը: Այս ծրագրով պլանավորում ենք ունենալ 2 խումբ, արդյունքում` 50-70 ձեռներեցներ: Ամերիկյան համալսարանի հետ համագործակցության ընթացքում վերջին 5 տարիներին մեծ թվով ուսանողներ ունենք, որոնք հաճախում են անգլերենի դասընթացների: Կցանկանայինք շարունակել այդ դասընթացները` հնարավորություն ստեղծելով շատ երիտասարդների համար և հուսով ենք, որ տարեկան 250-300 ուսանող կունենանք: Բացի դրանից, Արցախում և Հայաստանում մեծ զարգացում է ապրում զբոսաշրջության ոլորտը: Կփորձենք պատրաստել մասնագետների, ովքեր կաշխատեն տուրիզմի ոլորտում: Հանրային կառավարման և քաղաքականության ոլորտում պատրաստ ենք աշխատել նախարարությունների հետ: Ինչ վերաբերում  է «Կին ձեռներեցներ» ծրագրին, նշեմ, որ Արցախում մեկնարկը տրվել է հունիսի 1-ին»։

Միջոցառմանը ներկա Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը նշել է, որ ուրախ են լինել «Կին ձեռներեցներ» ծրագրի հովանավորը Արցախում, քանի որ մեծ հավատ ունեն կանանց պոտենցիալի նկատմամբ:

Նրա խոսքով` ծրագիրը մաս կկազմի շատ ավելի ծավալուն փաթեթի, որի միջոցով կփորձեն օգտակար լինել Արցախին: Էռնեկյանը կարծում է, որ այս կերպ կանայք կհասնեն փայլուն արդյունքների:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: