Այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեզ համար․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ուղերձում մասնավորապես գրված է․

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:

100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեզ համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Շնորհավոր տոնդ, Հայաստան:

Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»: