Ձե՛զ հետ են կապված մեր բոլոր հույսերը՝ միասնականությա՛ն, հզո՛ր հայրենիքի, արժանապատի՛վ կյանքի ու նոր հաղթանակների՛ վերաբերյալ․ Արցախի ԿԳ նախարար

Արցախի Հանրապետության ԿԳ նախարարը Նարինե Աղաբալյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ։ Արցախի ԿԳ նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ուղերձում մասնավորապես նշված է․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու կապակցությամբ:

Շատերդ պիտի շարունակեք ուսումը՝ մասնագիտություն ստանալու նպատակով: Տղաներից ոմանք արդեն շուտով կզորակոչվեն ու կհամալրեն մեր պաշտպանության բանակի շարքերը: Ձեզնից ոմանք էլ աշխատաշուկայում կփնտրեն իրենց տեղը: Ասել է, թե՝ բոլորիդ համար սկսվում է կյանքի նոր փուլ: Ինչպիսի՞ն կլինի այն՝ մեծապես կախված է ձեզնից:

Կախված է նրանից, թե ինչպիսինն են ձեր երազանքները, նպատակները, պատկերացումներն ապագայի մասին: Կախված է ձեր գիտելիքներից, անձնական ու կամային որակներից, դժվարությունները հաղթահարելու և տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությունից: Իհարկե, կախված է նաև ձեր շուրջը և աշխարհում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումներից:

Հիշե՛ք. դուք անկախությա՛ն սերունդ եք, ասել է թե՝ դո՛ւք եք մարմնավորում Արցախի անկախությունը և այն կերտողների բոլոր նվիրական երազանքները: Ձե՛զ հետ են կապված մեր բոլոր հույսերը՝ միասնականությա՛ն, հզո՛ր հայրենիքի, արժանապատի՛վ կյանքի ու նոր հաղթանակների՛ վերաբերյալ:

Դուք ազատ եք այն բարդույթներից, որոնք բնորոշ էին պատերազմ ապրած ձեր ծնողներին: Ձեր առջև բաց են կյանքի նոր հորիզոններ ու անսահման հնարավորություններ: Ձերն է նաև ապագան կերտելու պատասխանատվությունը:

Կյանքի ճանապարհն անցեք վստա՛հ քայլերով: Հավատարի՛մ մնացեք այն արժեքներին, որոնք ամո՛ւր ու անսասա՛ն կպահեն հայոց պետականության հիմքերը:

Սուրբ արյամբ ու արդար քրտինքով ստեղծված մեր երկրի արժանի զավակը եղե՛ք: Ձեր գիտելիքներով, տաղանդով ու արժանիքներով ճանաչելի դարձրեք Արցախի Հանրապետությունը: Դարձե՛ք այն ամուր շաղախը, որն անքակտելի՛ կդարձնի հայ ազգի միասնությունը:

Բարի երթ՝ բոլորիդ:

Մաղթում եմ ձեզ անսպառ ո՛ւժ ու եռանդ, սեփական ներուժը իրացնելու կամք և կարողություն: Տղաներին, ովքեր պիտի զորակոչվեն՝ բարի ծառայություն:

Մեր հայրենիքին՝ խաղաղություն ու կայունություն:

Շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ նվիրումի և Արցախի ևս մեկ հայրենասեր սերունդ թողարկելու համար»: