Իսկ որն է Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 14-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

«Ինձ համար շատ կարևոր են այդ քննարկումները և ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի հետ,- կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։- Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել»:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և վստահաբար դեռ շատ անգամ կլինի։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իմ և իմ ընտանիքի կյանքում,- ասել է Նիկոլ Փաշինյանը։- Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ անկե՞ղծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իր վերաբերմունքում, թե Մայր Աթոռ նրա այցելությունը և կաթողիկոսին ասած վերոնշյալ խոսքերն ընդամենը «փիար ակցիա» են կամ նպատակ ունեն ընտրական իրավունք ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներին Ազգային ժողովի ընտրություններից առաջ համոզել, թե ինքը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և, մասնավորապես, կաթողիկոսի դեմ որևէ բան, որևէ բացասական վերաբերմունք չունի, ինչպես կարծում են շատ հավատացյալներ, ընկած չէ կաթողիկոսի հետևից ու չի ձգտում նրա հրաժարականին։

Այս հարցի պատասխանը ստանալու համար պարզապես փորձենք մի փոքր թարմացնել մեր հիշողությունը: Նախ հիշենք, որ ոչ վաղ անցյալում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խայտառակ նախաձեռնության պարագլուխներից Կարեն Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ մարդիկ սա ընկալեցին և սոցցանցերում մեկնաբանեցին որպես կաթողիկոսի ու Մայր Աթոռի դեմ հիշյալ նախաձեռնության և անձամբ Կարեն Պետրոսյանի կատարած քայլերի խրախուսանք կամ պարգևատրում (այդպես չէ՞…): Ինքը՝ Կարեն Պետրոսյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ նման որևէ կարծիք մեկնաբանելու նպատակահարմարությունը չի տեսնում: Անշուշտ, ես այն միամիտներից չեմ, որ հավատամ, թե «թավշյա հեղափոխության» օրերին Շիրակի մարզում անցկացվող ակցիաները ղեկավարելուց և «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունից հանրությանը, բնականաբար, նաև Նիկոլ Փաշինյանին հայտնի Կարեն Պետրոսյանը նշված պաշտոնում նշանակվել է առանց վարչապետի հետ այդ նշանակումը նախապես համաձայնեցնելու: Ով ուզում է հավատալ դրան, թող հավատա…

Հիշենք նաև, թե իրեն առցանց տրված հարցերին պատասխանելիս, Նիկոլ Փաշինյանը 2018թ. հուլիսին հրապարակայնորեն ինչ է ասել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա Վայոց Ձորի մարզ, Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի խումբ անդամների կատարած հարձակման առնչությամբ: Վարչապետն ասել է, որ անկախ այդ պահին իր ունեցած դիրքորոշումից (իսկ, հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր այդ պահին նրա դիրքորոշումը՝ կաթողիկոսի դե՞մ…), վարչապետին ենթակա մարմինը՝ ոստիկանությունը, պետք է իր գործն անի:

«Ոստիկանությանը հանձնարարել եմ շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզում, և շատ ուշադիր գնահատել, եթե Վեհափառ Հայրապետի դեմ բողոքողների գործողություններում որևէ գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վաղուց ժամանակն է Նիկոլ Փաշինյանին հարցնելու՝ ի՞նչ ընթացք ստացավ վերոնշյալ դեպքը շատ ուշադիր ուսումնասիրելու և շատ ուշադիր գնահատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տված ձեր հանձնարարականը, ոստիկանությունն ինչպե՞ս վարվեց ձեր հանձնարարականի հետ, և, ընդհանրապես, կաթողիկոսի վրա հարձակված անձանցից մինչև հիմա, ավելի քան չորս ամիս անց գոնե մեկի հանդեպ քրեական հետապնդում սկսվե՞լ է, գոնե մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է… Ամենայն հավանականությամբ, ոչ, քանի որ, հակառակ պարագայում, ՀՀ ոստիկանությունն իր կայքում այդ մասին գոնե մեկ նախադասությամբ հայտնած կլիներ, հանրությունն էլ տեղյակ կլիներ:

Հազարավոր մարդիկ ուղիղ եթերում ականատես եղան ոստիկանների ներկայությամբ և նրանց անգործության պայմաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա կատարած հիշյալ հարձակմանը: Վայոց Ձորի մարզում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու, նրա վրա կատարված հարձակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել, ի՞նչ եղավ այդ քննությունը, քնեց մնա՞ց… Ծառայողական քննության արդյունքում առ այսօր ոստիկաններից ո՞վ կամ, ավելի ճիշտ, ովքե՞ր են կարգապահական պատասխանատվության ենթարկվել… Հանրությանն այս մասին ևս ոչինչ հայտնի չէ, ոստիկանությունն իր կայքում հիշյալ ծառայողական քննության մասին նույնպես լռում է:

«Թավշյա հեղափոխությունn» ազդակ եղավ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաների կազմակերպման: Հիշենք նաև, թե իրեն նույն ժամանակ առցանց ուղղված հարցերին պատասխանելիս, էլ ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը.

«Ինչ վերաբերվում է ընդհանրապես իրավիճակին և կառավարության միջամտությանը. գիտեք, ես, անկեղծ ասած, համոզված չեմ, և դա իմ համոզմունքն է, որ կառավարությունը եկեղեցու, ներեկեղեցական հարցերին պետք է չմիջամտի»:

Այո, կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի, այս հարցում Փաշինյանի համոզմունքը լինի-չլինի էլ, ՀՀ Սահմանադրությամբ պետությունն ու Եկեղեցին միմյանցից անջատ են: Բայց կարգուկանոնի հաստատումը, կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ այլազան ոտնձգությունները չթույլատրելը, գոնե օրենսդրորեն կանխելը, ինչը ՀՀ կառավարությունը համառորեն չարեց, հաստատ չեն նշանակում ներեկեղեցական հարցերին միջամտություն:

Հիշենք, հիշենք նաև, որ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներից երեքի նախաձեռնությամբ քվեարկության դրվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում էր պետական պահպանություն տրամադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին հոդվածով.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամանադրվում է նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչեւ գահակալության ավարտը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին»:

ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում էր օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի («Հավաքն արգելվում է, եթե՝») 3-րդ կետում լրացում կատարելով, այն շարադրել հետևյալ կերպ. «3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության» (ընդգծումը՝ հեղինակինը): Կարճ ասած, առաջարկվում էր 3-րդ կետը լրացնել վերն ընդգծված տողերով, որը թույլ կտար հավաքն արգելել Հայ Առաքելական Եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության: Սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ այս օրենքի նախագիծը մերժվեց, քանի որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամները կողմ չքվեարկեցին: Անկեղծ ասած, անհասկանալի էր նաև քվեարկությանը շատ հանրապետականների բացակայությունը, ինչ-որ անձինք նրանց համոզել էին չմասնակցե՞լ քվեարկությանը․․․

«Եթե Վեհափառն էսօր չի կարում ժողովրդի մեջ շրջի, դա իրա պրոբլեմն ա»,- ԱԺ-ում քվեարկությունից առաջ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, մոռացության տալով ընդամենը մի քանի ամիս առաջ, ամռանը Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ կաթողիկոսի վրա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման մի շարք անդամների կատարած հարձակումը, որի ընթացքում մի ստահակ օգտվելով կաթողիկոսի ֆիզիկապես անպաշտպան լինելու հանգամանքից, նրա օձիքը բռնելով, 180 աստիճանով պտտացրել է, մեկ ուրիշն էլ հորդորել է, թե «բրթի, գցի ձորը»։

Վերոնշյալի առնչությամբ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես երբեք չեմ թաքցրել, որ աթեիստ եմ։ Միշտ եմ եղել այդպիսին, բայց միևնույն ժամանակ ողջ գիտակից կյանքս անչափ բարձր եմ գնահատել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր պետականության, ինչպես նաև ազգային անվտանգության հարցում։ Այսօր ԱԺ-ում մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցին առ այն, թե հայ ժողովրդից չէ, որ պետք է պաշտպանենք Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս արտահայտության հեղինակները կրկին ու կրկին պոպուլիզմի դաշտ են մտնում «ժողովուրդ» բառի էմոցիոնալ ֆոնի շնորհիվ՝ դիտավորյալ մոռանալով, որ հայ ժողովրդի մեջ կան հարյուր հազարավոր աղանդավորներ, տասնյակ հազարավոր հանցագործներ և այսպես շարունակ։ Գիտեք, ինձ զայրացնում է, երբ ողջ ժողովրդի մասին խոսում են կարծես իրենց ընտանիքի մասի։ «Սիրում եմ բոլորիդ»-ի պես ցուցադրական անբովանդակային բան է։ Այո՛, մենք պետք է պաշտպանենք եկեղեցին նաև հայ ժողովրդի մի ստվար զանգվածից։ Սա հակապետական որոշում էր, այդպիսին է այն մնալու պատմության մեջ։

ՀԳ. Չգիտես ինչու, նույն Սասուն Միքայելյանը, ով ակնարկում է կաթողիկոսի՝ ժողովրդի մեջ շրջելու պրոբլեմից, ինքը նույնիսկ իր սեփական քաղաքում շրջում է թիկնազորով։ Այդպես է նա վայելում ժողովրդի սերը։ Պաշտպանված»։

 

Արթուր Հովհաննիսյան