Խորհրդարանում իշխանությանը համարժեք ուժեղ ընդդիմություն է հարկավոր

Պետության զարգացման, առաջընթացի համար խորհրդարանում կարևոր է երկու ուժի առկայությունը՝ իշխանության և համարժեք ընդդիմության: Միայն ծանրակշիռ ընդդիմության առկայութան դեպքում իշխանությունը կարող է առավել կշռադատված, հասարակության շահերից բխող քաղաքականություն իրականացնել՝ զսպելով իր իշխանատենչ նկրտումները: Մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

 

Պարոն Մինասյան, Հանրապետական կուսակցությունը հավակնում է խորհրդարանում միակ կառուցողական ընդդիմության դերին: Ձեր պատկերացմամբ, ինչո՞վ է այդ քաղաքական ուժը տարբերվելու որպես ընդդիմություն խորհրդարանում հայտնված այլ ուժերից, և դուք ինչո՞ւ եք ձեզ առանձնացնում մյուսներից:

– Մեր օրենսդրության համաձայն, ընդդիմությունը խորհրդարանում պետք է 30 տոկոս ներգրավվածություն ունենա: Մենք ակնկալում ենք, որ այդ 30 տոկոսն իսկական ընդդիմություն համարվող ուժեր կլինեն, այլ ոչ թե այնպիսի ուժեր, որոնք ամեն ամիս փոխում են իրենց դիրքորոշումը, կարգավիճակն ու վերաբերմունքն իշխանության նկատմամբ, այսինքն՝ այսօր ընդդիմություն են, վաղն՝ իշխանություն: Դրանք պատեհապաշտներ են, մեզ խորհրդարանում հարկավոր է այնպիսի ընդդիմություն, որը հավատարիմ է իր սկզբունքներին: Հանրապետական կուսակցությունը հենց այդպիսի ուժ է, որը վերջին ութ ամիսներին ապացուցեց իր կառուցողական մոտեցումը պետականաշինությանն առնչվող բոլոր ծրագրերին: Մինչդեռ, այդ ընթացքում մյուս ուժերը կամ պատսպարվել էին իշխանության հովանու տակ, կամ չեզոք դիրք էին զբաղեցնում:

Մեր երկիրը տնտեսապես ու արտաքին մարտահրավերների առումով փորձառությունների առջև է հայտնվել, և այդ մարտահրավերները հաղթահարելու համար արհեստավարժ, քաղաքական թոհուբոհում կոփված ուժ է հարկավոր: Ներկա իշխանությունն այդ ուժը չէ, իշխանափոխությունից հետո իշխանության գալով, նրանք ապացուցեցին, որ անփորձ են ոչ միայն արտաքին քաղաքական հարցերում, այլև ներքաղաքական ու տնտեսական, այդ ոլորտներում մարտահրավերները հաղթահարելու համար ներուժ ու կարողություն չունեն: Իսկ փորձառու ուժի առկայությունը հնարավորություններ կստեղծի, որպեսզի երկիրը դրական առաջընթացի ճանապարհով գնա: Մենք ընդդիմություն կլինենք ոչ թե անունով, այլ կառուցողական ծրագրերով, միաժամանակ կօգնենք իշխող ուժին խուսափել սխալներից:

Ապագա խորհրդարանում ձեր քաղաքական թիմը կարող է միայն սահմանափակ ներգրավվածություն ունենալ: Կարծում եք, այդքան ներուժ կունենա՞ք իշխանություններին, ձեր բնորոշմամբ, սխալ քայլերից հետ պահելու և ԱԺ-ում կարևոր որոշումներ ընդունելու հարցում:

– Լավ և կարևոր հարց է: Խորհրդարանական քննարկումները և խորհրդարանի կողմից ընդունված որոշումները նույն բանը չեն: Իհարկե, մեծամասնություն կազմող ուժի ձայնն է լինելու վճռորոշ որոշումներ կայացնելիս: Բայց մենք կարող ենք որոշման ընդունման գործընթացում ներդրում ունենալ՝ նպաստելով այս կամ այն նախագծում առկա թերությունները շտկելուն կամ հանրությանը դրանցում առկա ռիսկերի, վտանգների մասին իրազեկելով, որպեսզի հասարակական ճնշման շնորհիվ, տվյալ նախագիծը չընդունվի գոնե նախնական տեսքով: Սա է լինելու մեր ազդելու մեխանիզմը՝ ոչ թե քանակական, այլ բովանդակային ռեսուրսը:

Անդրադառնանք նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ արտաքին քաղաքական զարգացումներին: Ձեր կարծիքով եթե, այնուամենայնիվ, Հայաստանի ներկայացուցիչը չլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մեզ համար դա արդյոք լուրջ ֆիասկո կլինի՞:

ԵԱՏՄ-ի գլխավոր պաշտոնատար անձը Հայաստանի ներկայացուցիչն է։ ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնն ևս Հայաստանի ներկայացուցիչն էր զբաղեցնում, ինչը, ըստ իս, շատ կարոր էր։ Իմ կողմից չընկալվող քայլերի պատճառով մենք կորցրեցինք այդ պաշտոնը, համենայն դեպս, այժմ: Կարելի էր ավելի խելացի լինել և ՀԱՊԿ-ի մեր գործընկերների շրջանում Հայաստանի համար բացասական վարկանիշ չձևավորել: Այն արձագանքը, որ մեր հավակնություններին տրվեց այլ պետությունների ղեկավարների կողմից, կանխատեսելի էր, ուստի չէր կարելի հասնել դրան առանց այդ կանխատեսելի արդյունքները չեզոքացնելու:

Այժմ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը փորձում է սկզբունքորեն հասնել նրան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձյալ Հայաստանի ներկայացուցչին տրվի։ Իհարկե, դա լավ կլինի, եթե մեզ հաջողվի վերականգնել այն, ինչ կորցրեցինք մեր ապաշնորհ գործելաոճի պատճառով: Բայց եթե ձախողենք այդ հարցում, Հայաստանը մեծապես կտուժի, մեր վարկանիշը կընկնի, գործընկերների համար նվազ վստահելի կդառնանք, ինչը բազմաթիվ այլ միջոցառումների ու ծրագրերի իրականացման, որոշումների կայացման ժամանակ զգացնել կտա:

 

Հարցազրույցը՝ Թագուհի Ասլանյանի