Ջավախքում շատ լուրջ իրավիճակ է

Այն հայկական իշխանությունների բացթողումն է՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացած Հայաստանի այսօրվա իշխանությամբ

Մեր զրուցակիցն է վիրահայ քաղաքագետ ու հասարակական գործիչ Յուրի Մկրտումյանցը։

– Ինչպիսի՞ն է Վրաստանում քաղաքական իրավիճակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին։

– Իրադարձությունները մեզ մոտ շատ բուռն են զարգանում, քանի որ այժմ անսովոր իրավիճակ է Վրաստանում։ Թեև թվում է, թե ամեն ինչ կրկնվում է․ իշխանությունների կողմից ընտրությունների լիարժեք ֆալսիֆիկացիան, երկրի Սահմանադրության նորմերի անտեսումը, ինչն ամեն անգամ ավելի և ավելի վատ դրսևորումներ է ունենում։

– Իսկ որոշակի ինչո՞վ է դրսևորվում սահմանադրական նորմերի անտեսումը։

– Բազմաթիվ խախտումներով իշխանության կողմից։ Եթե մի երկրում արդեն 27 տարի է, չի հաջողվում իրականացնել ընտրական գործընթաց առանց կոպիտ խախտումների, ապա դա նշանակում է, որ այդ պետությունը չի կայացել։ Կարելի է պնդել, որ մինչ օրս Վրաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններն, ըստ էության, չկայացած են։ Բոլոր դեպքերում, տեղ գտած խախտումներն այնպիսի ծավալների էին հասնում, որ էական ազդեցություն էին թողնում ընտրությունների ամփոփիչ արդյունքների վրա։ Ժամանակին բանը հասել է նույնիսկ նրան, որ Վրաստանի ՆԳ նախարարներից մեկը ռուսական հեռուստաալիքին խորհրդարանական ընտրություններից առաջ տված հարցազրույցում նշել էր, թե որոշակի քանի տոկոս ընտրաձայներ է ունենալու իր կուսակցությունը, որը և հետագայում հաստատվել էր․այդ կուսակցությանը տրվելիք ձայների քանակը «գուշակվել» էր տասնորդականի ճշտությամբ։ Իրականում այդ նախարարը պարզապես ռուսական լրատվամիջոցին ցույց էր տվել, վերջինիս միջոցով էլ մեսիջ էր ուղարկել Ռուսաստանի իշխանություններին, թե ով է երկրում իրավիճակի տերը։ Սահակաշվիլու իշխանության օրոք նույնիսկ հատուկ ջոկատայինները մտնում էին ընտրատեղամասեր, առևանգում քվեատուփերը, փոխում քվեաթերթիկները նախապես քվեարկվածներով և այլն։

– Մոտ երկու շաբաթ առաջ կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում նման երևույթները կրկնվե՞լ են։

Գիտեք ինչ, վրացական ընտրությունների յուրատիպությունը կայանում է նրանում, որ անկախ ընտրությունների իրական պատկերից,  կուսակցությունները միմյանց միջև պայմանավորվածություններ են ձեռք բերում այն մասին, թե որ քաղաքական ուժին որքան ձայներ պետք է «նկարվեն»։ Դա տեղի է ունենում նույնիսկ որոշակի ընտրական տեղամասերի մակարդակում։ Ընտրատեղամասային հանձնաժողովում յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ հաշվետվություն է տալիս իր կուսակցության ղեկավարությանը նախնական պայմանավորվածությունների կատարման մասին։ Սա կատարվում է ընտրական բոլոր մակարդակներում։ Այդ պայմաններում հասարակության մի զգալի մասը բոյկոտում է ցանկացած ընտրություն։ Մասնավորապես՝ վերջին ընտրություններին մասնակցությունը 50 %-ից պակաս էր, չնայած նրան, որ ընտրատեղամասերի մուտքերի մոտ նստած էին մարդիկ, որոնք արձանագրում էին, թե ովքեր են եկել ընտրության։ Եվ եթե ինչ-որ մարդիկ, հատկապես պետական կառույցներում աշխատողները, չեն գալիս ընտրատեղամաս (այդ թվում նաև՝ նրանց ընտանիքի անդամները), ապա նման մարդիկ հետագայում լուրջ խնդիրներ են ունենում։

Նաև կան «ակտիվիստներ», որոնք նախապես 20-30 հոգուց կազմված անվանական ցուցակներ են ներկայացնում, թե ում պետք է բերեն ընտրատեղամաս, և պարտավորությունը չկատարելու դեպքում, նրանք նույնպես «պատասխանատվություն» են կրում։ Այդ մասին նույնիսկ հեռուստաալիքներն են խոսում (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր)։ Իվանիշվիլին հաշվետվություն էր պահանջել իր մարդկանցից, թե ինչո՞ւ որոշակի գումարների վճարման պարագայում չեն կարողացել ապահովել ընտրողների ներկայությունը տեղամասերում։ Ընդ որում, հաշվետվություններ են պահանջվում ոչ միայն պետական կառույցների աշխատակիցներից, այլև թաղային հեղինակություններից և քրեածին տարրերից։

Նախագահական այս ընտրությունների ժամանակ, իհարկե, հատուկ ջոկատայիններ չկային (դրանք կիրառվում էին Սահակաշվիլու օրոք), բայց ընտրություններում բացահայտորեն սպառնալիքներ են հնչում այն մասին, որ քաղաքացիական պատերազմ է լինելու, ընդ որում, այդ մասին ահազանգում է և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը։ Երկուստեք հրահրվում են բախումներ, լարվածությունը մեծացնելու և բնակչությանն ահաբեկելու ուղղությամբ բավական կեղտոտ քարոզարշավ է իրականացվում Եվրոպայում և հեռուստատեսությամբ («Ռուսթավի-2» հեռուստաալիք), բացահայտվում են տարբեր պետական չինովնիկների, դատախազների միջև, տարբեր պետական կառույցներում «ռազբորկաների» դեպքեր, եղած պղտոր ջրին փորձում են խառնել բանակը՝ որոշ գեներալների (գեներալներ, որոնք ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ են անում, թե ով է սկսել պատերազմը (թեև առկա են գլխավոր շտաբի փաստաթղթեր, որտեղ հստակ երևում է, թե ով է սկսել պատերազմը), փախանակ մտածելու, թե ով է պարտվել պատերազմում, թե իրենց բանակն ինչո՞ւ մեկուկես օրից ավելի չկարողացավ դիմադրել։ Ի դեպ, Զուրաբիշվիլին մի գիրք է գրել (ցանկալի է այն թարգմանությամբ հրատարակել), որում երկրի ընդհանուր քաղաքականության հետ մեկտեղ, տրված է նաև այդ պատերազմի բնութագիրը։

Ինչ վերաբերվում հայությանը, ապա իրավիճակը շատ վատն է, քանի որ միակ բանը, որ վրացական պետությունն արդյունավետությամբ իրականացնում է, դա հակահայկական քաղաքականությունն է, որի էությունը հայության վռդումն է տարածքից, ինչի համար էլ ցարական Ռուսաստանի կողմից ժամանակին վերստեղծվել էր այս պետությունը։ Այդպես էր ռուսական կայսրությունում, այդպես էր Խորհրդային Միությունում, այդպես էլ շարունակվում է  մինչ օրս։ Երկրի գրեթե ամբողջ տարածքը բնակեցվում է հետամնաց մահմեդական երկրներից եկած մարդկանցով, որոնք գալիս են Վրաստան, անարգել ձևով ստանում վրացական կեցության ու քաղաքացիության փաստաթղթեր, որից հետո տարբեր ֆինանսական գործարքներով դա տարածում են իրենց հարազատների ու ծանոթների վրա։

– Հիմնականում ո՞ր երկրներից են գալիս այդ մարդիկ։

Հիմնական հոսքերը Պակիստանից են, Հորդանանից, Իրաքից, Իրանից (ի դեպ, Իրանից հիմնականում գալիս են տեղի ազերիները) և, բնականաբար, Թուրքիայից։ Թուրքերն այստեղ արդեն հարազատի կարգավիճակով են գտնվում, ինչը տեղի բնակչության մի հատվածի մոտ դժգոհություն է առաջացնում։ Մասնավորապես՝ այս օրերին ցույցեր էին անցկացվում թուրքական մի շինարարական ընկերության դեմ, որը դաժանորեն շահագործում է տեղի բնիկ աշխատողներին, վրացիներին վերաբերվում են անասունների պես՝ աշխատացնում է 14 ժամ, իսկ վճարում է 8-ժամյա աշխատանքային օրվա հաշվարկով, թեև դա հակասում է Վրաստանի աշխատանքային օրենսգրքին։

– Առավելապես ո՞ր տարածքներում են բնակություն հաստատում եկվորները։

Նշեմ, որ նրանք փախստականներ չեն, բավական հաջողված մարդիկ են, որոնք տներ են գնում։ Պարսիկներն ու հնդիկները հիմնականում բնակվում են հենց Թբիլիսիում, իսկ արաբները, չինացիներն ու թուրքերը հիմնականում գյուղական վայրերում։ Կան դեպքեր, երբ գնում են գյուղն ամբողջությամբ և հիմնադրում են իրենց գյուղը։ Մասնավորապես՝ նման գյուղեր շատ կան Քարթլիում, ասում են, որ գնվել է Գեորգի Սաակաձեյի հայրենի գյուղը, թուրքերն այդ առումով շատ ակտիվ են Աջարիայում, Քվեմո-Քարթլիում, հատկապես ադրբեջանաբնակ բնակավայրերում, որտեղ գյուղերը շատ արագ ընդլայնվում են տարածքով։ Այդ գործընթացները շատ ակտիվ ընթանում են նաև Վրաստանի արևմուտքում, հատկապես ափամերձ տարածքներում։ Առանձնահատուկ թեմա է Հարավային Օսիային հարակից, այսպես կոչված, Սամաչափլոյի շրջանը (Գորիի և Ցխինվալի միջև ընկած տարածքում, որտեղ հիմնականում ծավալվում էին վերջին պատերազմական գործողությունները)։

Ժամանակին Սահակաշվիլին հիմարություն արեց, երբ իր կամայական որոշմամբ խորհրդարանին ստիպեց ընդունել տվյալ շրջանում սահմանի վերականգնման մասին որոշումը, որի համաձայն, Հարավային Օսիայի զինված ուժերի կողմից անցկացվող դեմարկացիոն գիծն արդեն գրեթե հասնում է մինչև Թբիլիսի-Գորի մայրուղուն (նշված սահմանագիծը 2-3 ամիսը մեկ 100 մետրով մոտեցվում է մայրուղուն)։ Այդ տարածքում կան վրացիներով ու հայերով բնակեցված գյուղեր, որոնց բնակիչները ստիպված լքում են իրենց հայրենի գյուղերը, իսկ ովքեր հրաժարվում են հեռանալ, նրանց ՕՄՕՆ-ը պարբերաբար տանում է Ցխինվալ, տուգանում ու նորից բաց թողնում։ Վրացական կողմը որևէ պետական ծրագրով, որևէ գործողությամբ դրան չի արձագանքում։ Վերջին միջադեպը․այդտեղ կա մի գյուղ՝ Ատոցի անվանմամբ, որի հիմնական բնակչությունը հայեր են (սա հին հայկական բնակավայր է)։ Այնտեղ ապրում է հայտնի Կարապետովների ընտանիքը, որն ուներ 30 հեկտար հողատարածք։ Նշված ուժայինները եկել են, կտրել այդ տարածքը, իրենց սյուները տնկել, ցուցանակ դրել, որ սա նոր սահմանագիծն է և մուտքն արգելված է։ Այս կապակցությամբ տարածք են եկել վրացական տարբեր նախարարներ, «ծաղրածուներ», պարզապես եկել ու գնացել են, սակայն ոչ մի որոշում չի կայացվել։

Եվ այս համապատկերի վրա ինչ-որ ընտրություններ են անցկացվում, թեկնածուներից մեկը (Վաշաձեն) ասում է, որ ինքը կգա որպես գլխավոր հրամանատար, կազատի Սահակաշվիլուն ու նրա համախոհներին, որոնք ցախավելներով բռնաբարել են Վրաստանի շատ բնակիչների։ Նա մեղադրում է Ֆրանսիայի քաղաքացուհուն, որն այդ երկրի ԱԳՆ-ում եղել է լուրջ դերակատար (աշխատել է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը)։ Նրան մեղադրում է ռուսամետության մեջ, ի դեպ, մեղադրում է մեկը, ով ինքը տարիներ շարունակ աշխատել է ռուսական ԱԳՆ-ում, ընդ որում, այնպիսի ստորաբաժանումներում, որոնք կապված են ռուսական հատուկ ծառայությունների և հետախուզության հետ։ Կարճ ասած, նախագահական ընտրությունների առաջին փուլը սյուրռեալիզմի ոճի մեջ էր։ Տարբեր հեռուստաալիքներ տարբեր թեկնածուներին ընտրություններում հաղթող էին հայտարարում ու շնորհավորում, ու դա արվում էր ամենայն լրջությամբ։ Եվ դա՝ այն պայմաններում, երբ բնակչության մեծամասնությունն իրականում չի էլ մասնակցել ընտրություններին, հրաժարվել է իր ձայնը տալ «Վրացական երազանքին» կամ «Վրացական ազգային շարժմանը», որովհետև, վերջին հաշվով, նրանք նույն բանն են, պարզապես մեկ ամբողջը կիսվել է երկու մասի։ Դա Իվանիշվիլու թիմն է, որը, սակայն, կազմված է Սահակաշվիլու ոստիկաններից, դատախազներից։ Ու հանկարծ գալիս է Ֆրանսիայի քաղաքացուհին և Իվանիշվիլու անունից ներկայացնում իր թեկնածությունը։ Եթե նա ինքնուրույն հանդես գար, ապա ավելի մեծ հաջողություն կունենար, բայց քանի որ այստեղ ով հաշվում է ընտրաձայները, նա էլ հաղթում է, ուստի Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված անցել է հաշվողների կողմը։ Այսինքն՝ իշխանությունը չէր թողնի, որ նա հաղթի, իսկ իրականում նա ավելի շատ ձայն կտաներ, քան իշխանության հետ համագործակցությամբ (արդար ընտրությունների պարագայում)։

– Իսկ ե՞րբ է նախատեսված ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը։

Ընտրությունների անցկացման որոշակի օր դեռ չի հայտարարվել, բայց պարզ է, որ այն չի կայանալու շաբաթ կամ կիրակի օրերին, որպեսզի արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների (ասել է թե՝ Սահակաշվիլու կողմնակիցների) համար լինի աշխատանքային օր, ինչը կդժվարացնի քվեարկությանը նրանց մասնակցությունը։ Ի դեպ, ես զրուցել եմ շատ ուժային ու իրավապահ աշխատակիցների հետ, որոնք չեն թաքցնում իրենց կապը Սահակաշվիլու հետ, և ասում են, որ մինչ օրս նրանք ցուցումներ են ստանում հենց Սահակաշվիլուց, խոսքը վերաբերվում է նաև Ջավախքին։ Ահա նման անհեթեթ վիճակում է Վրաստանն այժմ։

– Ընտրությունների առաջին փուլից հետո որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն իրականացվե՞լ է՝ բացահայտելու համար ընտրողների տրամադրությունները։

Հարցը նրանում է, որ ինչպես կեղծվում են ընտրությունների արդյունքները, նույն կերպ կեղծվում են նաև սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, քանի որ ով այդ ուսումնասիրությունները պատվիրում է, նա էլ հայտարարում է այն, ինչ իրեն ձեռնատու է։ Նախընտրական ու հետընտրական շրջաններում տարբեր կուսակցություններ բևեռայնորեն տարբեր սոցհարցումների արդյունքներ են ներկայացնում։ Նորից եմ կրկնում՝ հենց նման կեղծիքների պատճառով է, որ մարդիկ չեն մասնակցում քվեարկությանը, իսկ նրանք ովքեր, այնուամենայնիվ, ներկայանում են ընտրական տեղամասեր, դա անում են ստիպված, չկորցնելու համար իրենց և հարազատների աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ հեռուստատեսությամբ բացատրում են, թե ինչպես կարելի է վերցնել ընտրակաշառքն ու ընտրել այլ թեկնածուի։ Կա մի հետաքրքիր հանգամանք․ ընտրական օրենսդրությամբ նախատեսված է առանձնացնել մեկ թեկնածուի կամ կուսակցության անուն, և կարևոր չէ, թե ինչպես դա կարվի՝ համապատասխան վանդակում կատարելով նշո՞ւմ, թե բոլոր վանդակներում նշելով և ազատ թողնելով ընտրյալ թեկնածուի դիմացի վանդակը։ Հեռուստատեսությամբ ասվում է, որ եթե ձեզ տրվել է գումար, որի դիմաց դուք պետք է նախապես նշում կատարված թերթիկը նետեք քվեատուփի մեջ, ապա դուք կարող եք մյուս վանդակներում էլ նշումներ անել՝ թողնելով ձեր թեկնածուի անունը։

Ինչ վերաբերվում է հայ համայնքի ընտրական տրամադրություններին, նշեմ, որ միասնական տեսակետ չկա։ Հայ համայնքում կա ձևավորված տեսակետ, որ քանի դեռ Վրաստանի խորհրդարանում չկա հայկական քաղաքական ուժի ներկայացվածությունը, համայնքի վիճակը էական փոփոխությունների չի ենթարկվի։ Վրաստանի ցանկացած ընտրություն դա այն տեղը չէ, որտեղ ինչ-որ բան է որոշվում, այլ դա այն տեղն է, որտեղ երևում է քո քաղաքական կշիռը։ Եթե դու նման կշիռ ունես, ապա քո դիմաց անհրաժեշտ տոկոսները կնկարվեն, անկախ հավաքած ձայների քանակից։

– Իսկ համայնքն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է։

Կան, իհարկե, ներկայացուցիչներ, առանձին մարդիկ, որոնք այս ամենը հասկանում են, այդ մասին բարձրաձայնում են։ Բացի այդ, մենք սփյուռք չենք, բավական խայտաբղետ ենք՝ բացի տեղաբնակներից, կան բավական շատ սիրիահայեր, Հայաստանից եկած հայեր, և միասնական տեսակետ ձևավորել ինչ-որ հարցի շուրջ շատ դժվար է։ Իսկ համայնքի քիչ թե շատ կազմակերպված մասը (հասարակական կազմակերպություններ և այլն) արդեն մի քանի անգամ փորձել է քաղաքական կուսակցություն գրանցել, սակայն երկրի արդարադատության նախարարությունը խախտելով օրենքները, դա մերժում է։ Ընդհանրապես, հայերի նկատմամբ Վրաստանի Սահմանադրությունը չի աշխատում։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ համայնքը չունի անհրաժեշտ դրամական միջոցներ նման հարցերի լուծման համար, մասնավորապես, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և այլուր ուղևորվելու, այնտեղի քաղաքական վերնախավերի հետ խորհրդակցություններ անցկացնելու, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար, ինչն, անշուշտ, կշիռ կհաղորդեր հայ քաղաքական կազմակերպություններին, կստիպեր վրացական իշխանություններին հաշվի նստելու նրանց հետ։ Այդ դեպքում հնարավոր կլիներ և՛ պաշտոններ զբաղեցնել, և՛ դատավորներ ունենալ, և՛ ընտրություններին մասնակցել ու ձայներ ստանալ։ Այսինքն՝ ամեն ինչ հակառակն է․ոչ թե ընտրությունների արդյունքում ես քո տեղը զբաղեցնում քաղաքական դաշտում, այլ ընտրությունները արձանագրում են այն տեղը, որն արդեն իսկ զբաղեցրել ես։

Որոշակի այս ընտրությունների ընթացքում շատ վատ միտումներ նկատվեցին Ջավախքում։ Ջավախքը ներկայացնող հայերը, այդ թվում՝ երկրի խորհրդարանում, շատ արագ փոխում են իրենց կողմնորոշումները․մարդ, որը Սահակաշվիլու կողմնակիցն էր, կտրուկ անցնում է Իվանիշվիլու կողմը, և՝ հակառակը, իսկ ամենավատն այն է, որ այդ մարդկանց միջև անհանդուրժողականություն է դրսևորվում, ընդհուպ մինչև ծեծկռտուքը, ինչը տեղի ունեցավ հենց վերջերս։ Ամբողջ Վրաստանի տարածքում վրացիներն ընտրակաշառքներն են կիսում, իսկ հայերը միմյանց են ծեծում։ Արդեն մի քանի նստաշրջան է, որ խորհրդարանում կան ազգությամբ հայ պատգամավորներ, բայց նրանցից որևէ մեկը երբևէ տեսակետ չի հայտնել այս կամ այն հարցի շուրջ, չունի իրավաբաններից, տնտեսագետներից կազմված խորհրդականների թիմ։ Սա պատահական երևույթ չէ, վրացական իշխանությունները նպատակային ձևով գտնում են այդպիսի պարզունակ անձանց ու դարձնում համայնքի ներկայացուցիչ, այդ թվում՝ խորհրդարանում, իսկ անհրաժեշտության դեպքում հրահրում են միմյանց դեմ։ Ասում են, որ Ջավախքում կա անջատողական տրամադրություն, որը կեղծիք է․ եթե նույնիսկ մնացած շրջանները երկրից անջատվեն, միևնույն է, Ջավախքը կմնա Թբիլիսիի հետ։ Հիմա էլ քաղաքացիական պատերազմի սցենարը փորձ է արվում տեղափոխել Ջավախք, և այն հրահրել հայերի միջև։ Ջավախքում շատ լուրջ իրավիճակ է, որը հայկական իշխանությունների բացթողումն է՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացած Հայաստանի այսօրվա իշխանությամբ։

 

Հարցազրույցը վարեց՝ Լևոն Անդրիասյանը