Արյան խումբը՝ բնավորության ցուցիչ

Եթե մեզանում և շատ այլ երկրներում հարցնում են` ‹‹կենդանակերպի ո՞ր նշանի տակ եք ծնվել››, ապա Ճապոնիայում հարցնում են արյան խումբը։ Ճապոնացիների կարծիքով, արյան խմբով կարելի է որոշել մեզնից ամեն մեկի բնավորությունը և անհատական յուրահատկությունները։ Դա են վկայում ճապոնացի անվանի գիտնական Յոշիտակե Նոմիի հետազոտությունները։

Այժմ տեսնենք, թե ինչպիսին է պատկերը։

1-ին խումբ․ դուք ձգտում եք առաջնորդ լինել։ Եթե տրամադրվեք, ապա կպայքարեք մինչև ձեր նպատակին հասնելը։ Կարողանում եք ընտրել առաջընթացի ուղղությունը։ Հավատում եք ձեր ուժերին ու զերծ չեք զգացմունքայնությունից։ Բայց ունեք նաև թերություններ` դուք չափազանց խանդոտ ու խուճապի մատնվող եք և, բացի այդ, հավակնոտ։

2-րդ խումբ․ սիրում եք ներդաշնակությունը, հանգստությունն ու կարգուկանոնը։ Լավ եք աշխատում ուրիշների հետ։ Բացի այդ, զգայուն եք, համբերատար ու բարյացակամ։ Ձեր թերություններից են համառությունն ու լիցքաթափվելու անկարողությունը։

3-րդ խումբ․ դուք ձևավորված անհատապաշտ եք՝ անթաքույց հակված վարվելու այնպես, ինչպես հարմար եք կարծում։ Դյուրությամբ հարմարվում եք ամեն ինչի, ճկուն եք, չեք տառապում երևակայության բացակայությամբ։ Սակայն, անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է չափազանցություն դառնալ ու վերածվել թերության։

4-րդ խումբ․ դուք խաղաղ եք ու հավասարակշռված, մարդիկ սովորաբար ձեզ սիրում են ու լավ են զգում ձեզ հետ։ Կարողանում եք զբաղեցնել նրանց, միևնույն ժամանակ նրբանկատ եք և արդարամիտ շրջապատողների նկատմամբ։ Բայց երբեմն շատ եք կտրուկ և, բացի այդ, երկար եք տատանվում ու դժվարանում եք որոշումներ ընդունելիս։