Իրանական գազի ծավալների ավելացման Հայաստանի ցանկությունն արդյոք կապված չէ՞ գազի գնի առնչությամբ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընթացող բանակցությունների հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում գումարված «Իրանի ու Հայաստանի հարաբերությունները, առիթներ ու մարտահրավերներ» խորագրով նիստում տեղեկացնելով ՀՀ-ից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման կապակցությամբ Հայաստանի ցանկության մասին, հույս է հայտնել, որ առաջիկայում կավելանան երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալները։

Տեղեկացնելով այս մասին, ԻՌՆԱ գործակալությունը հայտնել է, որ Իրանում ՀՀ դեսպանը նիստի ընթացքում անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ Վաշինգտոնի կողմից Երևանի վրա կիրառվող ճնշումներին, ասել է․ «ԱՄՆ-ի հետ բանակցություններում Հայաստանը հայտարարել է, որ Թեհրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Երևանի համար»:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ից Իրան արտահանվող էլեկտրաէներգիան այստեղ արտադրվում է իրանական գազի հաշվին, և եթե Հայաստանն Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման ցանկություն է արտահայտել իր դեսպանի միջոցով, նշանակում է միաժամանակ ցանկանում է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։ Խնդիրն այն է, թե ի՞նչ չափով, և Իրան-Հայաստան գործող գազատարի թողունակությունն արդյոք թույլ կտա՞ կատարել Հայաստանի ցանկությունը, թե հարկ կլինի եղածին զուգահեռ, նոր խողովակաշարի կառուցման։ Այսինքն՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի բուն խնդիրը Իրան-Հայաստան նոր գազատարի կառուցմանը հասնելն է՝ Իրան ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանելու ցանկության պատրվակով։

Բնականաբար, առաջանում է նաև այն հարցը, թե հենց այս պահին Հայաստանի նշված ցանկության արտահայտումն արդյոք կապված չէ՞ գազի գնի առնչությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև այժմ ընթացող բանակցությունների հետ։ Վերջինիս առնչությամբ որոշ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվության համաձայն, եթե գազի ներկայիս գինը հաջողվի պահպանել, դա մեծ հաջողություն կլինի։

 

Ա․ Հովհաննիսյան