NASA-ին աշխարհում առաջինը հաջողվել է ձայնագրել Մարսի քամու աղմուկը (տեսանյութ)

NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը պատմել է, որ «Mars InSight»-ին հաջողվել է առաջին անգամ ձայնագրել Կարմիր մոլորակի քամու աղմուկը։ Դեկտեմբերի 7-ին, ուրբաթ օրը նա այդ մասին գրել է «Twitter»-ի իր էջում։

«Մինչ այդ մարդիկ երբեք չէին լսել Մարսի քամու աղմուկը», – գրել է նա, կցելով համապատասխան տեսաձայնագրությունը։

Քամու ձայներով հոլովակը տեղադրվել է նաև ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության  կայքում։

Նոյեմբերի 27-ին NASA-ի՝ Կարմիր մոլորակ հասած նոր տիեզերական «Mars InSight» սարքն ուղարկել է նրա մակերևույթի առաջին լուսանկարը։

Ինչպես հայտնում է «РИА Новости» գործակալությունը, դեկտեմբերի 1-ին «Mars InSight»-ի տիեզերական տվիչները հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք 5-7 մ/վրկ արագությամբ փչող «քամու պոռթկումներով պայմանավորված ցածր հաճախականության շառաչ են գրանցել»։

Մարսի գիտական հետազոտությունների ծրագրի ղեկավար Բրյուս Բաներդտի խոսքերով, այդ աղմուկի ձայնագրությունը «չծրագրված հաճույք էր»։

«Մեր առաքելության խնդիրներից մեկը Մարսի վրա շարժումների պարամետրերի ուսումնասիրությունն է և, անշուշտ, դրանցից է նաև ձայնային ալիքներով պայմանավորված շարժումը», – հավելել է գիտաշխատողը։

Իջեցվող «Mars InSight» մոդուլը նոյեմբերի 26-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի հասարակածի Էլիզիյ հարթավայրում։ Աշխատելու են սեյսմոգրաֆը, երկրաֆիզիկական ջերմաչափը, որը կտեղադրվի 5-մետրանոց հորանցքում՝ Մարսի ընդերքի ջերմաստիճանը չափելու համար։