Փաշինյա՛ն, գնացե՛ք Բաքու ու այնտեղ քիրվայության քարոզ կարդացեք (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ Քաշաթաղի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ քարտուղար Անահիտ Քոսակյանը, Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը՝ Փաշինյանը, գնում է գյուղեր ու հայ մարդուն ճառեր կարդում թուրքի հետ բարեկամության, քիրվայության մասին:

Ասում է՝ ինչքան մենք իրենց համարում ենք թշնամի, էնքան իրենք մեզ համարում են թշնամի: Նկատեք, որ նրա խոսքի տողատակերում մեղադրանք կա ուղղված հայ ժողովրդին։ Ուզում է ասել, եթե մենք ադրբեջացուն թշնամի չհամարենք՝ նրանք մեզ թշնամի չեն համարի… սա սարսափելի կեղծիք է, իրականությունը գլխիվար ներկայացնելու փաշինյանական հերթական սուտը:

Իրականությունն այն է, որ հայատյացությունը Ադրբեջանում կա՝ դեռ այդ պետության ստեղծման օրից։ Արդեն մեկ դար է։ Վերջին 30 տարում այն հասավ իր գագաթնակետին։ Դեռ մանկապարտեզից ադրբեջանցի երեխաներին դաստիարակում են, որ հայերն իրենց թշամիներն են, ու այդ դաստիարակության արդյունքում է, որ ծնվեց հայ սպային թիկունքից կացնահարող, հայի գլուխ կտրելուց հրճվանք ապրող սաֆարովների զարհուրելի տեսակը..

Խորհուրդ կտամ Փաշինյանին հայկական գյուղերում թուրքերի հետ քիրվայության մասին քարոզ կարդալու փոխարեն, այդ առաքելությամբ մեկնել Բաքու. ու այնտեղ բացատրել, որ չի կարելի թշնամանք հրահրել հարևան պետության ու ժողովրդի դեմ։ Նաև հորդորել «բարեկիրթ» Ալիևին՝ դադարեցնել հայկական եկեղեցիների ավերը, դադարեցնել մշակութային ցեղասպանությունը Արցախի օկուպացված տարածքներում, դադարեցնել հայկական տարածքների վրա աչք տնկելը՝ Զանգեզուրը, Արցախը, Երևանը, Սևանը ադրբեջանական տարածքներ անվանելը: Այ, սա կլինի Հայաստանի վարչապետին վայել գործ։

Եվ վերջապես, Փաշինյա՛ն, ինքներդ ձեր թիմակիցների հետ միասին, դադարե՛ք Ալիևին հավասար կեղծել հայոց պատմությունը. մի դեպում Շուշին, մյուս դեպքում Քաշաթաղը, մեկ այլ դեպքում Շուռնուխը իբրև թե ադրբեջանական տարածքներ համարելով։ Զգաստացեք, ի վերջո, գալու է պատասխան տալու ժամանակը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: