Օնիկ Գասպարյանը հայ մարդու, նրա արժեհամակարգի և հայոց բանակի մարմնավորումն է․ Գառնիկ Իսագուլյան
Ես ուզում եմ Ռուբեն Վարդանյանը լսի և անպայման արձագանքի՝ արդյո՞ք ինքը 60 միլիոնով գնել է Ամուլսարի շահագործման արժեթղթերը Արմեն Սարգսյանից։ Livenews.am-ի թղթակցին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ պնդելով, որ ամենամեծ դավաճանը հենց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է։
«Եթե Արմեն Սարգսյանն իր տեղում լիներ՝ հակասահմանադրական օրենքներ չէին ընդունվի, հակասահմանադրական գործողություններ տեղի չէին ունենա։ Հանկարծ նո՞ր է հիշել, որ նախագահ է, այն էլ իր նախագահ լինելը գործադրում է ի վնաս հայ ժողովրդի, հայկական պետականության։ Իսկ որ մենք 3 տարի քեզ ասում էինք 123-րդ հոդված, դու դրանով բավականին լուրջ լիազորություններ ունես, որ դու պետության գլուխ ես, Սահմանադրության պահապանն ես և այլն։ Դու դա չէիր հասկանո՞ւմ։ Հիմա որ դա պիտի օգտագործես ի վնաս ժողովրդի ու պետության՝ հասկացե՞լ ես»,- ասաց Իսագուլյանը՝ դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Իսագուլյանը գտնում է, որ ընդդիմությունն իրավիճակը ճիշտ չի գնահատում։
«Մենք չպետք է համակերպվենք, որ մարդասպան, հայրենիքի թշնամի իշխանությունը շարունակի գոյություն ունենալ։ Պետք է ընդդիմությունը հասկանա և հայտարարի, որ ոչ թե ընդդիմության միասնական թեկնածու կա, այլ կա ազգի միասնական թեկնածու՝ Օնիկ Գասպարյանը, ով, ի պատիվ իրեն, կարողացավ իր մեջ ուժ գտնել իր ամբողջ կառույցով բռնեց պետականության պաշտպանության ուղին։ Եվ հիմա մենք պիտի բոլորս միասին սատարենք ՀՀ Զինված ուժերին և նրա Գլխավոր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին հռչակելով վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներում ինքը նկատել է նեղացվածության տարրեր։
Իսագուլյանը գտնում է, որ ժամանակն է, որ ընդդիմությունը մարտավարական փոփոխություն կատարի․ «Արդեն 4 ամիս է խոսում ենք, ելույթներ ունենում, բայց սայլը տեղից չի շարժվում»։
«Օնիկ Գասպարյանին չեն կարող ասել «հին» է, «նախկին» է, «սև» է, ոչ էլ Օնիկ Գասպարյանն այս դավաճանների թիմից է․ նա գեներալ-գնդապետ է։ Օնիկ Գասպարյանն այն կերպարն է, որն իր մեջ մարմնավորում է հայ մարդուն, ՀՀ շարքային քաղաքացուն՝ նրա ընտանիքը, արժեհամակարգը և միաժամանակ մարմնավորում է հայոց բանակը։ Օնիկը այն մարդն է, ում թեկնածությունը լիովին համապատասխանում է ազգ-բանակ-հաղթանակ կարգախոսին»,- մանրամասնեց Գառնիկ Իսագուլյանը՝ ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնելով, որ վերջին պատերազմում մեր 7000-ի հասնող անմեղ զոհերի արյան համար պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, ԱԺ իմքայլական պատգամավորները, կառավարության անդամները՝ «բոլոր նրանք, ովքեր Նիկոլի կողքին են»։
Մանրամասն՝ տեսանյութում

