ՀՀ-ն այս վիճակին հասցրած կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան. ՍԴՀԿ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։

«Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից և դրան նախորդած, ինչպես նաև հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջև. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի և անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաև ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։

Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։

Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միևնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունն էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։

Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.

  1. Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,
  2. Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե և դե ֆակտո այս պահին գոյություն ունի,
  3. Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,
  4. Արտաքին անվտանգության և կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-գրված է հայտարարությունում: