Վազգեն` նախագա՞հ… չէ, Վազգեն` վարչապետ
Վազգեն Մանուկյան. ՀՀ առաջին վարչապետ: ՀՀՇ առաջին նախագահ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ-կոորդինատոր: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ասվա՞ծ է ամենը: Դեռ` ոչ:
Լիդեր է բնությունից: Եղեռնից մազապուրծ, Երևան եկած Մանուկյանների երկրորդ սերնդի մաթեմատիկոսներից է. հայրը` Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր: Ֆիզիկներին մշտապես պետք է լուրջ վերաբերվել. նրանք մեծանում, պաշտոն են ստանում, նաև` երկար խաղացողներ են:
Նրա մասին ասում են` դասական քաղաքական գործիչ` բոլոր ժամանակներում: Չնայած, վերջին տարիներին ակտիվ քաղաքականությամբ կարծես չէր զբաղվում: Ինչպես տեսնում եք` քաղաքականությունը նրանով զբաղվեց. այն էլ` բավականին բարձր մակարդակներում. թե գեո, թե մնացյալ տեսանկյուններից. այս դժվար պահին, անցումն ապահովելու համար, լիդերի նրա թեկնածության վրա կանգ է առել նաև անձամբ «ինքը»` մեր բարեկամ Մոսկվան:
Դժվար ենթարկվող անհատականութուն է: Ինչպես Արթյուր Ռեմբոն կասեր` անհնազանդների ցեղից է. ընդդիմադիր տեսակ` էությամբ: Որոշակի նիցշեիզմ կա ներսում: Իշխանյանների և Մանուկյանների միջավայրում հասունացած գործիչը քաղաքականությունն զգում է օդում. ինտուիտիվ…
Լուրջ ինտելեկտուալ է, և համեմատությունն այսօրվա թավշյա դավաճանների հետ ոչ միայն կաղ է լինելու, ինչպես ցանկացած համեմատություն, այլև` քոռ, քաչալ, դաբլ դավաճան:
1967-ին Մոսկվայում` ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպելու համար ստիպված էր թողնել Մոսկվայի համալսարանը: Հետագայում` 88-ին, ևս մեկ անգամ նա «վերադարձավ» Մոսկվա, արդեն` «Մոսկովսկայա տիշինա»` քաղբանտարկյալի կարգավիճակով, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
Նույն «անհանզանդության» պատճառով՝ վարչապետ նշանակվելուց մեկ տարի անց հրաժարական տվեց: 91-ի սեպտեմբերին: Ասվում է` իր ագրարային քաղաքականության շնորհիվ էր, որ այդ օրերին Հայաստանը փրկվեց սովից, հնարավոր եղավ երկիրը հեռու պահել քաոսից: Դրանք նաև ռուբլու դեվալվացիայի օրերն էին:
Յուրօրինակ կարմական հանգույց է. առաջին վարչապետն է եղել, հիմա էլ… չէ` վերջինը չէ… նիկոլիզմը ջնջխելու, մեր հոգիները նրանից ազատագրող վարչապետի է վերածվում, որ պետք է նախապատրաստի քայքայված երկրի վաղվա օրը… կամենք` հաջողի:
92-93-ին պետնախարար-պաշտպանության նախարար էր: Տարիներ, երբ ոչ միայն պատերազմ էր, այլև` հեղափոխական ռոմանտիզմին փոխարինելու էին գալիս պրագմատիկ իրողություններն ու հաշվարկերը:
Բնությունից լիդեր, հավակնոտ երկու գործիչների` ԼՏՊ-ի և Վազգեն Մանուկյանի ինտելեկտուալ գլուխներն այլևս մեկ կաթսայում չեփվեցին. Լևոնի և Վազգենի միջև վաղուց նկատվող մախաթն այլևս հնարավոր չէր թաքցնել պարկում: Մանուկյանը հեռացավ թիմից. դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի միֆը քանդող նախակարապետը:
Կարիերայի պիկը դարձնելով 96-ը, երբ որոշ գնահատումներով` նա դարձավ «Վազգեն-նախագահ», սակայն ՀՀՇ-ն որոշեց` չկա նման բան. չգնաց երկրորդ պտույտի, հնարավություն չտվեց ԱԺՄ լիդերին` վավերացնել իր դե-ֆակտո հաղթանակը, շամպայն խմեց ու ԼՏՊ-ին հայտարարեց «ընտրված» ազգընտիր` հընթացս Արշալույսգեյթում հայհոյելով Քլինթոնի մորը` պատրաստ լինելով մի 800 էլ հանուն դրա` «վարի տալ»:
Իննսունութի նախագահական ընտրություններին, որպեսզի կրկին կանխվի Վազգեն Մանուկյանի մուտքը մեծ քաղաքականություն, քաղաքական մոդերատորները խաղի մեջ մտցրին Կարեն Դեմիրճյանին, ինչը նրան կրկին պահեց լուսանցքում. նա կրկին խաղից դուրս մնաց;
2003-ին արդեն «Արդարություն» դաշինքն էր, որը որքան իրադրային առաջացավ, նույնքան էլ իրադրային՝ «հալվեց» ներքաղաքական հորձանուտում:
2009-ից մինչև վերջերս ղեկավարում էր Հանրային խորհուրդը:
Այիբնե՞ր: Որքան` ասես: Ժանտ է: Կոմպլեքսներ ունի: Չի մոռանում ոչինչ ու ոչ մեկին: Սակայն ունի նաև խելամտություն` դրանք շրջանցելու, խաղը վերանորոգելու` ձվերը մի քանի զամբյուղում դնելու:
Այլ կերպ ասած` այս պահին նա մեր` անապատում կանչողի ձայնն է, որի պատմական առաքելությունը կլինի` հայոց անեծքը` Նիկոլ անունով դուրս շպրտել դեպ աղբանոց, նախապատրաստել բուն ընտրությունները, նաև այն վարչապետի մուտքը, որի քուղերը կկապի ապագա պառլամենտը… երկիրն այս ծանր, անհույս փոսից դուրս հանելու համար:
Նրանք ովքե՞ր են:
Կարեն Կարապետյա՞ն: Միքայել Մինասյա՞ն: Էդմոն Մարուքյա՞ն: Արթուր Վանեցյա՞ն…
Թե բոլորին կեփի մեկ կաթսայում, որպես կարող ուժեր` երկիրն այս ահարկու ժամանակաշրջանից դուրս հանելու համար:
Կամենք:
Հ.Գ. Լուսանկարը` Շուշիից…
Կարմեն Դավթյան

