«Մայիսի 9-ի» նորաստեղծ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
«Մայիսի 9-ի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, արդարացի և հայանպաստ կարգավորումը անցնող 30 տարիների ընթացքում մեր պետականության առջև ծառացած գերխնդիրներից էր։ Ցավոք, այդ ամբողջ ժամանակահատվածը մենք չկարողացանք օգտագործել բավարար արդյունավետությամբ։ Հատկապես վերջին 2.5 տարիների անփույթ, ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով երկիրը բախվեց լայնածավալ պատերազմի, որի դադարեցմանն ուղղված ամոթալի հայտարարությունը աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել Արցախի գոյության, արցախահայության անվտանգության ու ՀՀ ինքնիշխանության համար։
1988-1994 թթ․ ազգային-ազատագրական շարժման, հայ ժողովրդի հավաքական պայքարի գնով ազատագրված Արցախի Հանրապետության տարածքների մեծագույն մասն օկուպացված է թշնամու կողմից, չկա որևէ հստակեցում (առավել ևս՝ հայանպաստ) ո՛չ հայ-ադրբեջանական, ո՛չ արցախա-ադրբեջանական սահմանազատման հարցերում, ունենք հազարավոր մարդկային կորուստներ և վիրավորներ, ինչպես նաև գերեվարված, անհետ կորած զինվորական և քաղաքացիական անձինք, փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Խաթարված են ՀՀ արտաքին հարաբերություններն ավանդական դաշնակիցների, բարեկամ երկրների և Սփյուռքի կառույցների հետ։ Երկրում տիրում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, իշխանության անպատասխանատու և կործանարար վարքագիծը կարող է հանգեցնել ներհասարակական պառակտման ու թշնամանքի, որի սաղմերն արդեն իսկ նկատելի են։
Ընդսմին, օրհասական այս իրավիճակում երկրի իշխանությունը դրսևորում է աններելի տարերայնություն և անգործություն, իսկ վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ որևէ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։
Հայրենակիցնե՛ր, օրհասական այս ծանր պահին հարկավոր է օր առաջ համախմբվել գաղափարների շուրջ, որոնցից առաջնահերթ են՝ նոր սոցիալական համաձայնագրի շուրջ քաղաքացիական համերաշխության ապահովումը, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի ու արցախահայության խաթարված ազգային-քաղաքական նպատակների վերականգնումը։ Հրամայական է սթափ գնահատել իրավիճակը և փնտրել այնպիսի ելքեր, որոնք կարող են հնարավոր նվազ կորուստներով մեր հայրենիքը դուրս բերել այս աղետալի իրավիճակից։
Ստեղծված կացությունից ելքը Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային, գիտակրթական ու հաստատութենական նորոգման և զարթոնքի համապարփակ ծրագրի իրագործումն է։
Այդ ուղղությամբ ջանքերը համադրելու, տեսական և գործնական հնարավոր լուծումներ գտնելու ակնկալիքով հայտարարում ենք «Մայիսի 9-ի» նախաձեռնության ստեղծման մասին։
Մեր գործունեությունն ուղղված է լինելու՝
• Արցախի և ՀՀ անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսական, գործառնական օրակարգերի ձևավորմանը և դրանց շրջանառմանը,
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային արդիական հայեցակարգերի և թեզերի մշակմանը,
- Հայկական երկու հանրապետությունների անվտանգային նոր մոդելների մշակմանը,
- Արցախի և տարածաշրջանային հիմնահարցերով զբաղվող մասնագիտական ներուժի և մտավորական հանրության համախմբմանը,
- Կրթության, գիտության հիմնախնդիրների վերաբերյալ տեսական և գործնական օրակարգերի ձևավորմանը,
- Հարդյունս վերոգրյալի՝ Մայիսի 9-ի խորհուրդը, գալիք հաղթանակների և ապագայի նկատմամբ հավատը հայ ժողովրդին վերադարձնելուն»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են.
- Բեգլարյան Աշխեն, քաղաքական գիտությունների թեկնածու,
- Գալստյան Խաչիկ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Եղիազարյան Արման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Կոստանյան Արարատ, միջազգայնագետ,
- Հովհաննիսյան Էդգար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Մելքոնյան Ռուբեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Միրզոյան Նարինե, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,
- Նալբանդյան Անահիտ, քաղաքական գիտությունների թեկնածու,
- Ոսկանյան Վարդան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Սողոմոնյան Աշոտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
- Ստեփանյան Խաչատուր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Տեր-Մաթևոսյան Վահրամ, պատմական գիտությունների դոկտոր:

