Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Greek Reporter-ը։

«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

Այսօր մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ թուրքական սեյսմահետախուզական նավը Եվրամիության գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որի ընթացքում պետք է նաև քննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Արևելյան միջերկրածովյան ջրերից նավահանգիստ է վերադարձել։