Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպող թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև պարբերաբար՝ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր, և որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ, և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։
Երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։
Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։ Վիրավորներից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։
Մեր նախնական վերլուծությամբ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500 ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։ Այս թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն»,- նշեց Բեգլարյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը՝ ամբողջությամբ

