Բանկերն առանց հարկային հետևանքների կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձի վարկերը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Ընդ որում, վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ասաց Պողոսյանը:
Հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:
Առաջարկվում է վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

