Մարտի դաշտում վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ զոհվել է Վահե Մելիքսեթյանը

ԵՊԲՀ-ից տեղեկացրել են, որ զոհվել է Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանը:

«Խորը վշտով տեղեկացանք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի մասին: ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Վահե Մելիքսեթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,- գրված է ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջում: