Ֆրանսիան ՀՀ տարածքի հրետակոծման ֆոնին իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայաստան այցելությունից

Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից՝ երկրի տարածքի ուղղությամբ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի կրակոցների ֆոնին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համապատասխան նախազգուշացումը տարածել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են բախումները: Ադրբեջանի հետ սահմանին մոտ Հայաստանի տարածքը պարբերաբար ենթարկվել է հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Այս իրադարձությունների ֆոնին հարկ է սահմանափակել այցելությունները դեպի Հայաստան՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի, նվազեցնել ուղևորությունները երկրի ներսում»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարությունում հիշեցրել են նաև, որ ռազմական դրության կապակցությամբ Ֆրանսիայի՝ հայկական ծագում ունեցող 18-50 տարեկան արական սեռի  քաղաքացիներին արգելվում է լքել Հայաստանի տարածքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: