Բուհ չընդունված դիմորդների ակցիայի մասնակիցներից երկուսը բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին

Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդարություն և նախարարի հրաժարականը:

«Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է», ասաց ակցիայի մասնակիցներից:

Ոստիկանը սակայն մոտենալով՝ նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:
Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկուսին՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանին:
Ակցիային ներկա էր նաև դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա ակցիայի մասնակիցներին ասաց, որ մնան այգիներում՝ փողոց չփակեն, որևէ գործողություն չանեն՝ մինչև փաստաբանական խումբը կամ շարժման առաջնորդներից մեկը նրանց հետ կկապվի: Կոչուբաևը նշեց, որ գնում են ոստիկանության բաժին: