Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին միջնորդել է հետմահու պարգևատրել զոհված զինծառայողներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն։ Վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք: Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է Փաշինյանը:

