«Ամենահին մասնագիտությունը ձեր աջակցության կարիքն ունի». Գերմանիայում մարմնավաճառներն ակցիայի են դուրս եկել
Գերմանական Համբուրգ քաղաքում մարմնավաճառների բողոքի երթ է անցկացվել. ակցիայի մասնակիցները Կարմիր լապտերների թաղամասում՝ Ռեպերբան փողոցում, պահանջել են վերաբացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված հասարակաց տները: Այս մասին գրում է «Ռեութերս» գործակալությունը:
Մարմնավաճառները փողոց են դուրս եկել իրենց պահանջներին աջակցելող պաստառներով: Բողոքի երթը կազմակերպվել է սեքս-աշխատակիցների ասոցիացիայի կողմից: Ակտիվիստ մարմնավաճառուհիները նշել են, որ հաճախորդներին հասարակաց տներում ընդունելու անկարողությունն իրենց ստիպում է փողոցներ դուրս գալ, ինչը ոչ միայն ավելի վտանգավոր է իրենց համար, այլև հակասում է օրենքին: Նրանց խոսքով` հասարակաց տներն ի վիճակի են պահպանել անվտանգության կանոնները:
«Ամենահին մասնագիտությունը ձեր աջակցության կարիքն ունի». եղել է նրանց կարգախոսներից մեկը:
Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքերով՝ կարանտինը զրկել է մարմնավաճառուհիներին գումար վաստակելու հնարավորությունից:
Հավելենք, որ Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացված է և հարկվում է, և այս բիզնես ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ վեց միլիարդ եվրո:
Աղբյուրը՝ Tert.am

