Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա նաև ողջունել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է «Civil.ge»-ն։

Նոյեմբերի 25-ին Բելառուսի Գոմել քաղաքում այդ երկրի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ հանդիպումից հետո Լավրովն անդրադարձել է նոյեմբերի 19-ին Մինսկում կայացած ռուս-վրացական բանակցություններին և Բելառուսում հետագա հանդիպումների անցկացման հնարավորությանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բելառուս ընկերներին՝ այս հարցի շուրջ բանակցությունների անցկացման հարթակ տրամադրելու համար։ Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև ողջունել է Բոճորիշվիլիի՝ Ռուսաստանի հետ շփումներից չխուսափելու դիրքորոշումը՝ այն որակելով որպես պրագմատիկ մոտեցում, որը բխում է վրաց ժողովրդի և երկու երկրների հարաբերությունների շահերից։

Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը, անդրադառնալով հետագա հանդիպումների անցկացման վայրին, չի բացառել, որ ռուս-վրացական բանակցություններն ապագայում կարող են անցկացվել նաև Մոսկվայում և Թբիլիսիում։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, Վրաստանի արտգործնախարարն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր բանակցությունների անցկացման վայրի ընտրությանը՝ ընդգծելով, որ վրացական կողմի համար առաջնայինը ոչ թե հանդիպման վայրն էր, այլ Վրաստանի և նրա քաղաքացիների համար կարևոր հարցերի հնարավորինս արագ քննարկումը։

«Երբ խոսում ենք հանդիպման մասին, բնականաբար, վայրը պետք է ընդունելի լինի մասնակիցների համար։ Այս դեպքում մենք դեմ չէինք, որ այն անցկացվեր Մինսկում։ Առաջնայինը հենց հանդիպումն անցկացնելն ու մեզ և մեր քաղաքացիներին հուզող հարցերը քննարկելն էր»,- հայտարարել էր նա։

Բոճորիշվիլին նաև քննադատել էր Ռուսաստանի հետ երկխոսությունն անընդունելի համարող մոտեցումը՝ ընդգծելով, որ առանց շփումների և բանակցությունների հնարավոր չէ լուծել առկա խնդիրները։ Միաժամանակ Վրաստանի արտգործնախարարը հստակեցրել էր, որ Մինսկում կայացած հանդիպումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափի փոխարինման հետ։