Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության  վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են  ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։  Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված  ընդհանուր 247 հազ․ 100 տուփ ծխախոտ:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել  ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են  ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։