Ամեն օր աղոթում եմ Ռուսաստանի համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Էմիր Կուստուրիցային տված հարցազրույցում պատմել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը խորը հարցազրույց է տվել Կուստուրիցային՝ պատրիարք Կիրիլի և հավատքի մասին, որը նվիրված է Հովվապետի 80-ամյակի առթիվ նկարահանված ֆիլմին:

«Այն, ինչ ես հստակ գիտեմ, դա այն է, որ ես ամեն օր աղոթում եմ թե Ռուսաստանի, թե մեր մարդկանց համար», – պատմել է Պուտինը ֆիլմի համար տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին բացառիկ դեր է խաղացել ինչպես ռուս ազգի, այնպես էլ ռուսական պետականության կայացման գործում:

«Պահպանել մարդուն և նրա հոգևոր աշխարհը. սա է եկեղեցու հետ համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունը»,- ընդգծել է Պուտինը:

Նախագահի հարցազրույցից հատվածներ են ցուցադրվել «Առաջին ալիքի» եթերում: «Մեր մկրտությունը. Հովվապետը» ֆիլմը եթեր կհեռարձակվի ուրբաթ օրը: