Մեր տարածաշրջանում մեծ պատերազմի ուրվականը գնալով թանձրանում է

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է:

Փորձագետները, վերլուծաբաններն ավելի վաղ նշում էին, որ առանց տարածաշրջան ԱՄՆ-ի երրորդ ավիակիր խմբավորման ժամանման, Թրամփը չի համարձակվի վերսկսել Իրանին հրթիռառմբային հարվածները: Եվ, ահա, ինչպես տեղեկացրել է ամերիկյան «Axios» պարբերականի հրեա լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ի «USS Theodore Roosevelt» ատոմային ավիակիրը մտել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի:

«USS Theodore Roosevelt»-ի ժամանումով տարածաշրջանում միաժամանակ հայտնվեցին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք ավիակիր հարվածային խմբավորումներ։ Մյուս երկու խմբավորումները գլխավորում են «USS George Washington»-ը և «USS George H. W. Bush»-ը: Դրանք գտնվում են Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք։

«Axios»-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երեք ավիակիր խմբավորումների կենտրոնացումը նշանակում է տարածաշրջանում ամերիկյան ռազմածովային ներկայության անսովոր բարձր մակարդակ: Դա տեղի է ունենում Իրանի հետ ԱՄՆ-ի ավելի քան 7 ամիս շարունակվող հակամարտության ֆոնին։

«USS Theodore Roosevelt»-ի հետ Մերձավոր Արևելք են ուղևորվել «USS Chosin հրթիռային հածանավը և «USS Decatur և USS Paul Hamilton» ականակիրները։ Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում միանգամից երեք ավիակիր հարվածային խմբավորումները որքան ժամանակ կպահպանի։

Ի պատասխան Իրանի օդային տարածք ԱՄՆ-ի բանակի ԱԹՍ-ների ներխուժման, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտական անօդաչու թռչող սարքերն այսօր առավոտյան թիրախավորել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող ԱՄՆ-ի ուժերին պատկանող ռադարային կայանը։

Ըստ «Московский комсомолец»-ի հրապարակման, Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազային, ինչն էլ ավելի է կասկածի տակ դնում Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղ բանակցությունները և մեծացնում էսկալացիայի հավանականությունը:

«The Guardian»-ը գրել է, որ կիրակի օրը երեք օրվա ընթացքում իրանական ԱԹՍ-ների երկրորդ հարձակման ժամանակ Պարսից ծոցի երկրների վրա պայթյուններ են որոտացել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ստացվում է, որ Իրանը տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին իր հարվածները սկսել է դեռ ուրբաթ օրվանից:

Իրանի հայտարարության համաձայն, Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել ու խորտակվել է նավթային գերտանկեր: Չնայած ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել էին, որ ջրային ճանապարհով անցնող հիմնական երթուղիներում բոլոր ականները վնասազերծել են, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավ է պայթել ականի վրա, ընդ որում, դրանցից մեկը՝ 2 մլն բարել նավթ տեղափոխող նավթային գերտանկերը, խորտակվել է: Հայտարարության մեջ նշված է, որ նավերում տեղի են ունեցել «զանգվածային պայթյուններ ու հրդեհներ»:

Վերոնշյալ իրադարձությունները, «The Guardia»-ի մեկնաբանությամբ, սաստկացրել են տարածաշրջանում դիվանագիտական որևէ բեկման հավանականության մասին մռայլ պատկերացումները:

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր ուժերն, ի պատասխան ԱՄՆ-ի թշնամական գործողությունների, 6 անօդաչու թռչող սարք են արձակել՝ ուղղված «Ալ-Ռիֆաա» ուղղաթիռային բազայում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ռադարներին: Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են անօդաչուները, նախքան դրանք կհասնեին իրենց նպատակներին:

Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը կշարունակի արձագանքել ԱՄՆ-ի կամ այլ պետությունների կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին հարվածները վկայո՞ւմ են իրանական քաղաքական ուղեգծի փոփոխության մասին, քանի որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փակուղի են մտել, նա ասել է, որ Իրանը «ոչ ոքի չի սպասում» և կենտրոնացած է իր անվտանգության վրա:

«The Guardian»-ը հիշեցրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել իրանական օբյեկտներին, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն: ԱՄՆ-ի նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի ձգտում Իրանի հետ գործարք կնքել: Փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ագրեսիայով սկսված հակամարտությունը մնում է փակուղում, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, իսկ Իրանը՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությանը:

Բահրեյնին հասցված հարվածները վկայում են, որ Իրանը որոշում է կայացրել վճռական պատասխան տալ ԱՄՆ-ի հարձակումներին։ Բահրեյնի Թագավորությունում տեղակայված են ԱՄՆ-ի նշանակալի ռազմաբազաներ, այդ թվում՝ առաջադեմ ռազմաբազա, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որոնք Մերձավոր Արևելքում ռազմագործողությունների աջակցության կենտրոն են:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան