Թուրքիան առանցքային դեր ունի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելու գործում. Ֆիդան

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպումից հետո թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պետք է ստանձնի իր դիրքին համապատասխան պատասխանատվություն՝ առաջնորդելով տարածաշրջանային փոխկապակցվածության գործընթացը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ֆիդանը նշել է, որ դրա կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ Դոնբասի հարցը։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հացահատիկի համաշխարհային շուկաներ արտահանումը վերականգնելու և Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ։

Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցերի լուծման առաջարկներ է ներկայացրել, սակայն դրանց մանրամասները դեռ վաղ է հրապարակել։