Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի նավթաբազային և գազի կայանին
Նոյեմբերի 16-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի վրա, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել չորս արտադրական օբյեկտներում, տուժել է երեք տղամարդ։ Ինչպես Astra-ն պարզել է ականատեսների լուսանկարներից և տեսանյութերից, անօդաչուների թիրախը եղել է այն տարածքը, որտեղ գտնվում են նավթաբազան և գազաբաշխիչ կայանը (ԳԲԿ)։ Հարվածներից հետո այդ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական Exilenova+ մշտադիտարկման ալիքի տվյալներով՝ այրվում են և՛ նավթաբազան, և՛ ԳԲԿ-ն։
Անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարի երկրամասը։ Երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Սևերսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Իլսկի ավանում ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, հավելել են օպերատիվ շտաբից՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Այս բնակավայրում է գտնվում Իլսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը Ռուսաստանի հարավի հինգ խոշորագույններից մեկն է։ Վերջին անգամ անօդաչուները դրա վրա հարձակվել էին սեպտեմբերի 26-ին։
Բացի այդ, Յարոսլավլի մարզում անօդաչուների հարձակման պատճառով դադարեցվել է երթևեկությունը Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքի հատվածում։ «Զերծ մնացեք նշված ուղղությամբ և հարակից տարածքներով երթևեկելուց», — կոչ է արել մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը։ Նրա տվյալներով՝ գիշերվա ընթացքում մարզի օդային տարածքում ընդհանուր առմամբ վնասազերծվել է 20 անօդաչու։ Զոհեր և տուժածներ չկան։

